Սահմանադրությունը չի կարող խնդիր լինել խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

Հայաստանը և Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում, սակայն դա չի կարող խնդիր լինել խաղաղության հաստատման համար։ Այդ մասին հունիսի 4-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվ Ադրբեջանը, և Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար»,- նշել է նա։

Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգի մաս չէ։

«Համոզմունք ունենք, որ և մեր, և իրենց (Ադրբեջանի – խմբ․) սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող իրավական առումով խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար: Ոչ մեր, ոչ իրենց Սահմանադրության փոփոխությունները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չեն կազմում»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

***

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»։

Հայաստանի ընդդիմությունը նշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել