Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել ՌԴ-ի հետ պաշտպանական աշխատանքին վերադառնալը․ Գալուզին

Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գծով շփումներում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«2023-ի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է՝ մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ»,- նշել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունների` խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու հրապարակային տրամադրվածությունը գործնականում էլ կդրսևորվի։ Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է դրան: Ըստ նրա՝ Հայաստանի «չմտածված քայլերը» կարող են անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման աշխատանքին վերադառնալը:

Գալուզինի կարծիքով՝ Երևանում ցանկանում են «օգտվել այն պահից, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում»:

«Չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արևմուտքի լիակատար մատչումը տվյալների ազգային բազաներ, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է նա։

ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններ

ՌԴ փոխարտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից․ «Ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի գործուն այլընտրանքներ այսօր չկան»։

Նա կարծում է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում զբաղվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ․ «Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022-ին Երևանը համաձայներ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ առաջարկին։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով»։

Գալուզինը նշում է, որ ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, դիտորդական առաքելության գործուղում, աջակցություն սահմանապահ զորքերի ուսուցման գործում»:

Հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Միևնույն ժամանակ Գալուզինը նշել է, որ Մոսկվայի և Երևանի երկկողմ շփումները չեն ընդհատվում: Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը: Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն իր հայ գործընկերոջը հանդիպել է փետրվարին: Գալուզինը նշել է, որ առավել էական արդյունքներ են արձանագրվել առևտրատնտեսական ոլորտում։

Նա վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը Երևանի և Բաքվի հաշտեցմանն աջակցություն ցուցաբերելու հարցում․ «Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,- ասել է նա:

Ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղազախստանում կայացած հանդիպումը։

«Այդ հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց ևս մեկ կարևոր քայլ անել Հարավային Կովկասի խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Կարևոր է, որ նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում»,- նշել է Գալուզինը:

Մեկնաբանել