ԱԳՆ-ի մոտ Տավուշի շարժման բողոքի ցույցի 3 մասնակից կալանավորվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցի ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող 5 անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Միջոցներ են ձեռնարկվում մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։

«Մի խումբ անձինք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ: Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել