«Վրացական երազանքը» օրենքի նախագիծ կներկայացնի ընդդեմ քուիր մարդկանց

OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարան ներկայացնել քուիր մարդկանց ((«Քուիր» եզրույթը վերաբերում է LGBTQ+ մարդկանց)) դեմ ուղղված օրենսդրական փաթեթ, որը կարգելի քուիր «քարոզչությունը», գենդերային ինքնության հաստատման նպատակով բժշկական միջամտությունը և կկանխի այս համայնքի ներկայացուցիչ զույգերին կամ մարդկանց երեխաներ որդեգրել:

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին երեքշաբթի հայտարարել է, որ օրենսդրական փաթեթը բաղկացած կլինի մեկ «հիմնական» և 18 այլ հարակից օրենքի նախագծերից։

Պապուաշվիլին ասել է, որ փաթեթը կկենտրոնանա ութ հիմնական կետի վրա, այդ թվում՝ նույնասեռ ամուսնությունները, քուիր մարդկանց կողմից երեխա որդեգրելը, սեռը հաստատող վիրահատություններն օրենքով արգելելը, սեռերի օրենքով ճանաչումն արգելելը և մամուլում, կրթական հաստատություններում, հավաքների, բողոքի ակցիաների ժամանակ ու աշխատատեղերում քուիր մարդկանց և գենդերային «քարոզչության» դեմ պայքարը։

Նա ասել է, որ փաթեթը հիմնված է մարտին իր կուսակցության ներկայացրած սահմանադրական լայնածավալ փոփոխությունների վրա, որոնք նաև սահմանափակելու են քուիր մարդկանց քաղաքացիական ազատությունները: Սակայն «Վրացական երազանք»-ը չունի սահմանադրական մեծամասնություն, որն անհրաժեշտ է Սահմանադրությունում նշված փոփոխություններն ընդունելու համար:

«Գարնանային այս նստաշրջանի ընթացքում մենք առաջին ընթերցմամբ կքննարկենք այս օրինագիծը և կընդունենք այն առաջին ընթերցմամբ,- ասել է նա,- Եվ այս փաթեթը երկրորդ և երրորդ ընթերցմամբ կընդունվի աշնանային նստաշրջանում»։

Խորհրդարանի գարնանային նստաշրջանն ավարտվում է հունիսի 28-ին, իսկ աշնանայինն սկսվում է սեպտեմբերի 3-ին։

Պապուաշվիլին հավելել է, որ կառավարությունը մտադիր է եկեղեցու Ընտանեկան մաքրության օրը, որը նշվում է մայիսի 17-ին, հռչակել ազգային տոն։

Եկեղեցին Ընտանեկան մաքրության օրն սկսել է նշել 2014-ից՝ փորձելով խոչընդոտել, որ ԼԳԲՏՔ համայնքը չկարողանա նույն օրը նշել Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը:

«Ռուսական օրենքի պատճենը»

Մանրամասնելով փաթեթի բովանդակությունը՝ Պապուաշվիլին ասել է, որ օրենքի նախագիծը կարգելի քուիր զույգերի միջև քաղաքացիական միությունները և երեխայի որդեգրումը «ոչ հետերոսեքսուալների» կամ նրանց կողմից, ում գենդերային ինքնությունը տարբերվում է իրենց կենսաբանական սեռից։

Կարգելվեն սեռի հաստատման նպատակով վիրահատությունները, նաև մարդկանց թույլ չի տրվի փոխել սեռը, որն օրենքով հաստատվել է նրանց ծննդյան ժամանակ։

Նա ընդգծել է, որ օրենսդրական փաթեթը կկենտրոնանա կրթական հաստատություններում և մամուլում «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելելու վրա, ներառյալ քուիր լինելուն, գենդերային ինքնությանը, նույնասեռական հարաբերություններին վերաբերող ցանկացած տեղեկության տարածումը: Նա նաև նշել է, որ օրենքը կարգելի ինցեստի հետ կապված տեղեկության տարածումը:

Պապուաշվիլին նաև նշել է, որ օրենքով ապօրինի կհամարվի հեռարձակողների, գովազդատուների և կինոթատրոնների կողմից ինցեստ կամ նույնասեռ հարաբերություններ պատկերող տեսարանների հեռարձակումը կամ էկրանավորումը։

Իշխող կուսակցությունը դեռ պետք է հրապարակի օրենքի նախագծի տեքստը կամ հստակեցնի, թե ինչպես է այն կիրառելու։

Պապուաշվիլիի հայտարարությունից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ «մենք պետք է շատ հստակ տարբերություն դնենք մարդու իրավունքների պաշտպանության և քարոզչության միջև»:

«Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են և պետք է խստորեն պաշտպանվեն,- ասել է նա,- Սա վերաբերում է բոլորին, անկախ նրանց ապրելակերպից։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է քարոզչությանը, ապա քարոզչությունն անընդունելի է, իսկ օրինագիծը քարոզչության մասին է»։

Tbilisi Pride կազմակերպության տնօրեն Թամար Ջակելին ասել է, թե իր կարծիքով՝ քուիր մարդկանց դեմ օրենսդրությունն օրակարգ բերելով՝ «Վրացական երազանք»-ը ձգտում է այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի շատ պահպանողական ընտրողների համակրանքին արժանանալ:

«Սա «Վրացական երազանք»-ի նախընտրական ռազմավարության և քարոզարշավի հիմնական առանցքներից մեկն է, և նրանք կարծում են, որ այս թեմայով կշահեն պահպանողական ընտրողների սրտերը»,- OC Media-ին ասել է նա։

Ջաքելին նաև ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ի մտադրությունը՝ արգելել քուիր մարդկանց հավաքները կամ հանրահավաքները, հակասահմանադրական է:

«Այսօրվա պատմությունը, որքան էլ այն հակաժողովրդավարական է և լի զայրույթով, նորություն չէ, մեզ համար մեծ անակնկալ չէր»,- ասել է նա։

«Սակայն մենք կարծում ենք, որ վրաց հասարակությունը շատ ավելի քննադատաբար կվերաբերվի «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագծին, քանի որ վերջին ամիսներին հասարակության մեջ հասունացած կարծիք կա առ այն, որ «Վրացական երազանք»-ը մեզ մոտեցնում է Ռուսաստանին, և այս օրինագիծը Ռուսաստանի օրենքի ուղղակի պատճենն է, այն ուղղակիորեն գրված է ռուսական ձեռագրով»:

«Մենք ամեն ինչ կանենք հանրությանը բացատրելու համար, որ ատելությունը և հոմոֆոբիան ռուսական քաղաքական զենք են ընդդեմ Վրաստանի անկախության և վրաց հասարակության,- ասել է նա,- Ես չգիտեմ, թե ինչպես կարող են արդարացնել հակասահմանադրական արարքը, թեև չի կարելի զարմանալ մի խորհրդարանից, որն ընդունել է ռուսական օրենքը [օտարերկրյա գործակալների օրենքը]»։

Քուիր մարդկանց դեմ ուղղված այս օրենսդրությունը ներկայացնելու իր ծրագրերի մասին «Վրացական երազանք»-ը հայտարարում է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Սա մեկ այլ օրենք է, որը նման է Ռուսաստանում քաղաքացիական ազատությունները և ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակող օրենքին։

Քուիր մարդկանց դեմ ուղղված իր օրենքը Ռուսաստանն ընդունել է 2013-ին, որպեսզի «պաշտպանի երեխաներին ավանդական ընտանեկան արժեքը ժխտող քարոզչական տեղեկատվությունից»:

Մեկնաբանել