Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժել է յոթ քաղաքացի, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են

12:45

«Խախտում արձանագրվել էր, բայց տեսչության սարքը հիմք չեմ ընդունել»

Հունիսի 6-ի երեկոյան պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ճանապարհին գտնվող «Գազ օիլ» ընկերության գազալցակայանում։ Ընկերության տնօրենը ՍիվիլՆեթի հարցերին պատասխանեց՝ չտեսագրվելու պայմանով։ Նա ասաց, որ մի քանի ամիս առաջ փորձաքննություն է իրականացվել գազալցակայանում և խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետ իրենք համաձայն չեն եղել՝ վիճարկել են։

12:00

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

«Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը: Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ»,- ասված է հաղորդագրությունում։

11:05

Երևան-Սևան ճանապարհի հրդեհված գազալցակայանը ժամը 11:00-ի դրությամբ։

10:25

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելըու, hրդեհային անվտանգության կանոնները խախտելու և դյուրավառ կամ այրիչ նյութերի առաքման կամ օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով։

10:15

«Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը»,- հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

***

Հունիսի 6-ի երեկոյան Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա տեղեկացնում է, որ այսօր ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում է հովացման աշխատանքներ։

Փրկարարը ծառայությունը հայտնում է, որ ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է․ «Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ»։

Պայթյունի և դրան հետևած հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հոսպիտալացված քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։

«Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։ Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»,- հայտնում են նախարարությունից։

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է։

Մեկնաբանել