Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին խոչընդոտ է համարել Հայաստանի սահմանադրությունը։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը։

«Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»,- հայտարարել է Ալիևը։

Նա կարծում է, թե այդ պահանջով Ադրբեջանը «չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։

Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանդքով։

«Մինսկի խմբի կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք չենք թույլատրի, որ այդ կառույցը դե ֆակտո գործի, այս դեպքում մնում է նրա գործունեության իրավական կողմը։ Դա նաև ցույց կտա Հայաստանի անկեղծության աստիճանը։ Եթե Հայաստանը պաշտպանի Միսնկի խմբի պահպանության հարցը, ապա կնշանակի, որ մեր դեմ շարունակում է տարածքային պահանջ ներկայացնել»,- ասել է Ալիևը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ համոզմունք էր հայտնել, որ սահմանադրությունը չի կարող խնդիր լինել խաղաղության հաստատման համար. «Եվ Ադրբեջանը, և Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Համոզմունք ունենք, որ և մեր, և իրենց (Ադրբեջանի – խմբ․) սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող իրավական առումով խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար: Ոչ մեր, ոչ իրենց Սահմանադրության փոփոխությունները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չեն կազմում»,- ասել էր Միրզոյանը։

***

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»։

Հայաստանի ընդդիմությունը նշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել