ԱԳՆ-ը սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը գնահատում է «կոպիտ միջամտություն» երկրի ներքին գործերին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի։

«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Նախարարությունը հիշեցնում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության համաձայնագիրը ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Ըստ ԱԳՆ-ի՝ խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

«Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները: Ըստ այդմ համարում ենք, որ կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»։

Դրանից առաջ՝ հունիսի 4-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ համոզմունք էր հայտնել, որ սահմանադրությունը չի կարող խնդիր լինել խաղաղության հաստատման համար. «Եվ Ադրբեջանը, և Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Համոզմունք ունենք, որ և մեր, և իրենց (Ադրբեջանի – խմբ․) սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող իրավական առումով խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար: Ոչ մեր, ոչ իրենց Սահմանադրության փոփոխությունները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս չեն կազմում»։

***

Սահմանադրական փոփոխությունների հարցը կրկին օրակարգում է հայտնվել այս տարվա սկզբին, երբ հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»։

Հայաստանի ընդդիմությունը նշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել