Ադրբեջանցի տնտեսագետին «առևանգել» և կալանավորել են AbzasMedia-ի գործով 

Այթան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն ձերբակալվել է AbzasMedia-ի դեմ իշխանությաան գործողությունների շրջանակում՝ չնայած անկախ այդ լրատվականի հետ նա որևէ կապ չունի:

Ակնկալվում էր, որ Մեհրալիզադեն AbzasMedia-ի գործով ցուցմունք էր տալու շաբաթ օրը (հունիսի 1), սակայն, ըստ տեղեկությունների, նրան առևանգել և կալանավորել են դրանից երկու օր առաջ՝ մայիսի 30-ին:

Նրա կինը՝ Նարգիզ Մուխտարովան, պատմել է, որ ամուսինն անհետացել է մայիսի 30-ի վաղ առավոտյան, և այդ օրը կեսօրին մոտ ոստիկանները նրան բերել են տուն։

Ֆարիդ Մեհրալիզադեն

«Ոստիկանները նրան տուն բերեցին կեսօրին։ Խուզարկեցին մեր տունը և խլեցին միայն մեր բջջային հեռախոսները, նույնիսկ հները, որոնք պիտանի չէին։ Երբ ոստիկանները նրան ձերբակալեցին, պայուսակ հագցրին նրա գլխին»,- ասել է նա OC Media-ին:

Խուզարկության ժամանակ Մեհրալիզադեն կնոջն ասել է, որ իրեն առևանգել են Բաքվի մետրոյի «Մայիս 28» կայարանից։

OC Media-ն դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը՝ Մեհրալիզադեի կալանավորման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար:

Մեհրալիզադեն տնտեսական վերլուծաբան է, որին կառավարամետ լրատվամիջոցները հաճախ են դիմում մեկնաբանությունների համար: Նա նաև ղեկավարում է Çəpəki տելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունն ու վիճակագրությունը։

Անսպասելի ձերբակալություն

Մուխտարովան OC Media-ին ասել է, որ իրենց համար անսպասելի էր Մեհրալիզադեի ձերբակալությունը, քանի որ ոստիկանությունը նրանից երբեք չի պահանջել ցուցմունք տալ AbzasMedia-ի դեմ:

«Ես փորձեցի գտնել դրա հիմքում ընկած տրամաբանությունը, բայց չկարողացա։ Ինձ համար ամեն ինչ այնքան անհասկանալի է»,- ասել է նա:

Նրա ձերբակալությունից հետո AbzasMedia-ն, որն այժմ գործում է աքսորում, հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ իրենք երբեք չեն աշխատել Մեհրալիզադեի հետ: Հայտարարությունում ասվում է, որ Մեհրալիզադեն մեկնաբանություն է տվել իրենց՝ որպես «հարյուրավոր փորձագետներից մեկը», որոնց հետ իրենք կապ էին հաստատում։

AbzasMedia-ն հայտարարել է, որ «այս գործով որպես վկա հարցաքննության են բերվել տասնյակ մարդիկ, որոնք որևէ համագործակցություն կամ կապ չունեն Abzas Media-ի հետ»։

Ադրբեջանը նոյեմբերին խստացրեց իր ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ՝ թիրախավորելով անկախ լրագրողներին և նրանց կազմակերպություններին ու քաղաքական ակտիվիստներին:

Այդ ժամանակվանից Ադրբեջանում լրագրողներն ու ակտիվիստները հիմնականում գործում են ընդհատակում՝ վախենալով կառավարության հետապնդումներից:

Baku Community Space-ը, որ երիտասարդ ակտիվիստների հարթակ է, վերջին կազմակերպություններից մեկն էր, որը փակվեց ճնշումների բոհում:

«Մենք չկարողացանք աշխատել նման ծանր իրավիճակում, և մեր անդամներին փրկելու համար որոշեցինք փակել հարթակը»,- ասել է կազմակերպության անդամը OC Media-ին:

Մեկնաբանել