Վրաստանի խորհրդարանը լրագրողների է զրկել հավատարմագրումից

OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մի քանի օրվա ընթացքում իշխանություններին քննադատող ալիքներից չորս հեռուստալրագրողի զրկել է հավատարմագրումից՝ փաստացիորեն արգելելով լուսաբանել խորհրդարանի նիստերը:

Խորհրդարանը չեղյալ է համարել Pirveli հետուստաընկերությաան երկու լրագրողի, Formula և Mtavari Arkhi հետուստաընկերություններից մեկական լրագրողների հավատարմագրումը՝ անցյալ տարի խորհրդարանի նախագահ Շալվա Պապաշվիլիի ներկայացրած կանոնակարգերը խախտելու համար:

Կանոնակարգերը, որոնք կոչվում են «վարքագծի կանոններ», իշխանություններին թույլ են տալիս լրագրողներին զրկել հավատարմագրումից այն դեպքերում, երբ նրանք ճնշում են գործադրում իրենց հարցերին պատասխանելուց հրաժարվող պատգամավորների վրա, ինչպես նաև այլ խախտումների համար:

Այս լրատվամիջոցները չեն կարող հավատարմագրում չստացած լրագրողներին փոխարինել ուրիշներով։ Չորեքշաբթի Pirveli-ն հայտնել է, որ իր երկու լրագրողներ Նատա Քաջայան և Մակա Չիխլաձեն մեկ ամսով զրկվել են խորհրդրանական հավատարմագրումից։

Չիխլաձեին զրկել են խորհրդարանի լուսաբանումից՝ մեծամասնության պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլիի պահանջով։ Ըստ լուրերի՝ պատգամավորը կոչ է արել դադարեցնել Չիխլաձեի հավատարմագրումը, քանի որ հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցերին՝ չնայած հարցազրույցի համաձայնություն տված էր եղել:

Չիխլաձեն Մաչարաշվիլիին հարցրել էր «Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դստեր՝ Վիվիան Իվանիշվիլիի մասին։ Ենթադրվում է, որ Վիվիան Իվանիշվիլին բնակվում է ԱՄՆ-ում:

Անցյալ ամիս ԱՄՆ-ը հայտարարել է օտարերկրյա գործակալների օրենսդրության մեջ ներգրավված անձանց և նրանց ընտանիքների դեմ ճամփորդական և ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու իր ծրագրերի մասին: Վաշինգտոնը դեռ պետք է բացահայտի, թե ում հանդեպ են մտադիր կիրառել այդ պատժամիջոցները: Խորհրդարանը պնդում է, որ Մաչարաշվիլին չի տվել ձայնագրման համաձայնություն, և որ իրենք Չիխլաձեին զրկել են հավատարմագրումից, քանի որ ձայնագրիչը չի անջատել:

Խորհրդարանը Քաջայային զրկել է հավատարմագրումից՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Սոզար Սուբարիի խնդրանքով, որը նաև պնդել է, որ լրագրողը ձայնագրում է իրեն՝ չնայած ինքը չի տվել հարցազրույցի համաձայնություն։ Ե՛վ Սուբարին, և՛ Մաչարաշվիլին «Վրացական երազանքին» հարող «Ժողովրդի ուժը» խորհրդարանական խմբի անդամներ են:

Pirveli-ի ավագ պրոդյուսեր Նոդար Մելաձեն Ֆեյսբուքում գրել է, որ հեռուստաալիքը փաստից միայն տասը օր հետո է ստացել խորհրդարանի ծանուցումը՝ Քաջայայի գործունեության կասեցման մասին: «Պատգամավորները չարաշահում են խորհրդարանի նախագահի հաստատած ռեպրեսիվ կանոնները, որոնք արդեն իսկ վտանգավոր նախադեպեր են ստեղծել»,- հայտարարել է նա։

Pirveli-ի երկու լրագրողների հավատարմագրման մերժումը վերջին դեպքն էր, երբ մեկ շաբաթից պակաս ժամանակում նրանք մերժում են ստանում։ «Վրացական երազանքի» պատգամավոր և խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին ավելի վաղ խնդրել էր, որ Formula-ի լրագրող Սոպո Գոզալիշվիլիին և Mtavari Arkhi-ից Նինո Բալանչիվաձեին արգելեն լուսաբանել նիստերը:

Գոզալիշվիլիին վեց ամսով արգելել են լուսաբանել խորհրդարանից։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ Գոզալիշվիլիին արգելել են այն բանի համար, որ Ցիլոսանիի վրա ճնշում է գործադրել մեկնաբանությունների համար՝ չնայած վերջինիս մերժմանը:

Բալանչիվաձեն աշխատում էր հոդվածի վրա, որը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից սպասվող ճամփորդական պատժամիջոցներին «Վրացական երազանքի» այն պաշտոնյաների կամ պատգամավորների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքին: Ցիլոսանին լրագրողին ասել է, որ դիմում է ներկայացնելու՝ վերջինիս «պատժամիջոցի» ենթարկելու համար։ Ցիլոսանին վերջերս հայտնվել էր լրատվամիջոցներում՝ իր հասցեին «դավաճան» գոռացող մի քաղաքացու՝ Դատա Կուպրավայի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու պատճառով:

Չորեքշաբթի դատարանում հարցաքննվելուց հետո Կուպրավան Formula-ին ասել է, որ մտադիր է դատի տալ Ցիլոսանիին՝ կեղծ մեղադրանքների համար:

«Սա ահաբեկման արշավ է, որը «Վրացական երազանքի» ներկայացուցիչները երկար ժամանակ իրականացնում են»,- ասել է Կուպրավան։

«Ես պատրաստվում եմ հայտարարություն ներկայացնել ոստիկանություն և դատախազություն, որ նա [Ցիլոսանին] կեղծ մեղադրանք է ներկայացրել իմ դեմ՝ կեղծ գործով՝ թեև հույս չունեմ, որ որևէ մեկը կպատժի կամ նկատողություն կանի Նինո Ցիլոսանիին»,- ավելացրել է նա։

Հավատարմագրման չեղարկումները եղան այն բանից հետո, երբ Պապուաշվիլին առցանց լրատվամիջոցներին անժամկետ արգելեց լուսաբանել խորհրդարանի նիստերը՝ թույլ տալով շենք մուտք գործել միայն հեռուստալրագրողներին: Լրագրողների էթիկայի խարտիա կազմակերպությունը դատապարտեց հայտարարությունը՝ ասելով, որ «Վրացական երազանքի» գլխավորած խորհրդարանն իր կանոններն օգտագործում է որպես «քննադատող լրատվամիջոցների դեմ պատժիչ գործիք»։

«Խարտիան կոչ է անում խորհրդարանի նախագահին հրաժարվել [կանոնակարգը] օգտագործել որպես լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի գործիք»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։

Մեկնաբանել