Ինչ պետք է իմանալ արցախցիների բնակարանային ծրագրի մասին, մանրամասնում է փոխվարչապետը

Գևորգ Թոսունյան

Մկրտիչ Կարապետյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագիրն ընդունվեց մայիսի 16-ին։ Այն ունի երեք փուլ։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչը հատկացվող գումարն է ու բնակավայրերի ցանկը, որտեղ արցախցիները կարող են բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել, ինչպես նաև մարել արդեն իսկ առկա հիփոթեքային վարկը։ Աջակցության չափը որոշվում է ընտրած բնակավայրով, այն 2-5 մլն դրամ է՝ ընտանիքի ամեն մի անդամի հաշվով։

Ծրագրին դիմելու ընթացակարգերի, բնակավայրերի ցանկի ու հնչող քննադատությունների մասին ՍիվիլՆեթը զրուցել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, հունիսի 15-ից մեկնարկելու է ծրագրի առաջին փուլը։ Ո՞րն է լինելու առանձնահատկությունը։

-Հետևյալն է՝ ովքեր, որ պետք է գնեն բնակարան, նրանք պետք է ունենան երեք անչափահաս զավակ։ Բացի այդ, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողները կարող են դիմել տան կառուցման համար։ Այսինքն՝ կառուցման բաղադրիչի դեպքում ավելի շուտ ենք սկսում լայն թվով ընտանիքներ ներգրավել։ Բացի այդ, կա ևս մեկ բաղադրիչ, որ հիփոթեքային վարկ ունեցողները կարող են աջակցություն ստանալ։ Տվյալ դեպքում սահմանափակում չկա, այս դեպքում տրվում է երկուական միլիոն դրամ աջակցություն։ Առաջին փուլը մեկնարկում է հունիսի 15-ին այն ընտանիքների համար, որոնք երկրորդային շուկայից պատրաստի բնակարան կամ տուն են ձեռք բերելու։ Մեկ ամիս հետո մեկնարկելու է կառուցման համար աջակցությունը, իսկ օգոստոսի 1-ից մեկնարկելու է հիփոթեքային վարկ ունեցողների համար նախատեսված աջակցությունը։ Գնելու և կառուցելու դեպքում աջակցության չափը 3, 4 կամ 5 մլն դրամ է։ 5 մլն դրամը կառավարության կողմից սահմանված բնակարանների առաջին ցանկում է՝ 242 բնակավայր, 4 մլն դրամը երկրորդ ցանկում է՝ 148 բնակավայր, մնացած բոլոր բնակավայրերում 3 մլն դրամ է։

-Բոլոր այս դեպքերում շահառուն պետք է ՀՀ քաղաքացի լինի՞։

-Այո, ամբողջ ծրագրի համար սահմանված է, որ շահառու կարող է դառնալ այն ընտանիքը, որի բոլոր անդամները ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Մենք մեծ չափով ներդրումներ պետք է կատարենք, որ բոլոր ընտանիքներին ապահովենք տանիքով։ 25 հազարից ավելի ընտանիք կարող է դառնալ շահառու, ինչը նշանակում է, որ մենք 500 մլրդ դրամ և ավելի ներդրում պետք է կատարենք։ Եթե այդ 500 միլիարդը իրականություն դառնա և մենք սպասարկենք վարկը, գումարը կարող է հասնել 800 մլրդ դրամի։ Այդ ծախսերը հոգալու է պետությունը։ Հետևաբար մենք պետք է համոզված լինենք, որ ծրագրի շահառու լինելու են այն ընտանիքները, որոնք իրենց կեցությունը երկարաժամկետ կտրվածքով կապում են Հայաստանի հետ։ Սա ընտրության հնարավորություն է։ Ընտանիքներն իրենք են որոշելու։

-Ինչպե՞ս է գործելու ընթացակարգը, դիմում գրելուն ի՞նչ է հաջորդում։

-Բոլոր ընտանիքի անդամների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, նրանք դիմում կներկայացնեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը կհաշվառի ընտանիքի անդամներին, կտա գնման կամ կառուցման հավաստագիր։ Այդ հավաստագիրը պետք է ներկայացվի բանկերից մեկին։ Եթե գնման հավաստագիր է, մարդը կգնա բանկ, բանկը այն կարձանագրի որպես գնման իրավունք ու կասի՝ գնա ու այդ գնի սահմանում գտիր բնակարանը, երբ գտար ու վաճառողի հետ համաձայնության եկար, ես գումարը կփոխանցեմ։ Նույնը տուն կառուցելու հավաստագրի դեպքում է․ ինչպես ներկայում գործող 16 մլն դրամի ծրագրի դեպքում է (Կառավարության հաստատված ծրագրով մինչև 16 մլն դրամ է տրամադրվում սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար – ՍիվիլՆեթ), բանկը կասի՝ գնում ես ու գտնում հողամասը, որի վրա պետք է տունը կառուցես։ Մենք թույլ ենք տվել, որ այդ աջակցության միջոցներից 3 մլն դրամն օգտագործի հողամասի գնման համար։ Օրինակ՝ ընտանիքն ունի 25 մլն դրամի հավաստագիր, 3-ն առանձնացվում է հողամասի գնման համար, հետո դիմում է շինարարական թույլտվության համար և վերցնում է կապալառու կազմակերպություն։ Մեր ծրագրի մյուս պայմանն այն է, որ բոլոր շինարարությունները պետք է իրականացվեն մասնագիտացված կազմակերպության կողմից։ Այնուհետև բանկը առաջին տրանշը փոխանցում է, օրինակ՝ 25 մլն-ից հինգն ու այդպես շարունակ։

-Դուք պահանջում եք, որ կառուցապատումն իրականացվի կազմակերպության միջոցով։ Այս դեպքում կառուցապատումը չի՞ թանկանա։

-Մի կողմից կթանկանա, բայց շատ կարևոր է, որ շինարարությունը սկսվի ու ավարտվի։ Եթե նման պայման չսահմանենք, մարդիկ ինքնուրույն կսկսեն շինարարությունը, միգուցե ինչ-որ փուլում հասկանան, որ ճիշտ չեն հաշվարկել՝ գիտելիքների ու այլ օբյեկտիվ պատճառով, ու չկարողանան շինարարությունն ավարտվել։ Մենք այս պահանջը դրել ենք, որ շինարարությունն առանց ռիսկերի սկսվի ու ավարտվի։

-Ընտանիքը պետք է տասը տարի բնակվի՞ Հայաստանում, որպեսզի հետագայում կարողանա տնօրինել գույքը։

-Մինչև տասներորդ տարին լրանալը տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է այդ ընտանիքի անվամբ, սակայն ընտանիքն ազատ է լինելու ցանկացած ձևով տնօրինել գույքը տասներորդ տարին լրանալուց հետո։ Այսինքն, եթե ընտանիքի մինչև 55 տարեկան լրացած չափահաս երկու անդամները և անչափահաս մեկ անդամը տարվա կեսից ավելին գտնվեն Հայաստանից դուրս, ընտանիքը կդադարի օգտվել աջակցությունից։ Կարգավորումը հետևյալ տեսքն է ունենալու՝ շահառու լինելու համար ընտանիքը կդիմի կառավարության գործընկեր բանկերից որևէ մեկին, կստանա աջակցության չափը՝ կախված ընտանիքի անդամներից ու բնակավայրից, բանկը կվճարի կառուցման կամ գնելու համար։ Այնուհետև տասը տարիների ընթացքում կառավարությունը կմարի վարկը և տոկոսային ծախսերը։ Եթե երրորդ կամ հինգերորդ տարվա ընթացքում ընտանիքի չափահաս անդամները որոշեցին, որ տարվա ընթացքում 183 օրից ավելի Հայաստանից դուրս են լինելու, կառավարությունը բանկին կհայտարարի, որ աջակցությունը դադարեցվում է։ Այդ պահից սկսած տան նկատմամբ իրավունքը կդադարի պատկանել այդ ընտանիքին, տունը կհամարվի կառավարության սեփականությունը։ Գույքը կարող է տնօրինվել համանման եղանակով։ Օրինակ, եթե այնպես է ստացվել, որ բոլորը մեկնել են երկրից, կփոխանցվի նման կարիք ունեցող այլ ընտանիքի։

-Պարոն Խաչատրյան, Դուք ծրագրի շրջանակում պահանջո՞ւմ եք, որ անձը այլ գույք չունենա։ Այսինքն, կարո՞ղ է դառնալ ծրագրի շահառու, եթե Հայաստանում այլ գույք ունի։

-Այդպիսի կարգավորում կա, բայց գործում է հետևյալ կերպ․ եթե եղած տան կամ բնակարանի բնակելի մակերեսը ընտանիքի մեկ անդամի հաշվով ավելի փոքր է, քան 12 քմ-ը, ապա այդ ընտանիքը, չնայած Հայաստանում ունի գույք, կարող է դառնալ ծրագրի շահառու։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ ընտանիքը հիմնականում բնակվել է Լեռնային Ղարաբաղում և ունեցել է ուսանող զավակներ, որոնք սովորել են Հայաստանի բուհերից որևէ մեկում։ Տվյալ դեպքում ընտանիքը որոշել է Երևանում, Աբովյանում կամ այլ տեղ մեկսենյականոց բնակարան գնել, որ այդ ուսանողները վարձով չապրեն։ Ընտանիքը բռնի տեղահանվել է, ընդունենք ունի յոթ անդամ և բնակարանը 45 քմ է։ Տվյալ դեպքում մեկ մարդու հաշվով ավելի պակաս է 12 քմ-ից։ Այս ընտանիքին մենք թույլ կտանք լինել ծրագրի շահառու։ 2023-ի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում եղել է մոտ 7 500 միավոր գույք, որի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին։ Ավելի ուշ՝ այս տարվա գարնանը, նման գույքերի քանակն անցել է 8 000-ը։

-Քննադատներն ասում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքը մայրաքաղաքում ավելի շատ է, արցախցիները ցանկանում են կա՛մ Երևանում ապրել, կա՛մ երևանամերձ բնակավայրերում։ Մինչդեռ աջակցության չափը շատ ցածր է։ Բացի այդ, Ձեր առանձնացրած ցանկի բնակավայրերում առկա տներն արհեստականորեն թանկանալու են։ Ի՞նչպես կարձագանքեք այս քննադատություններին։

-Մեզ ասում են, այո, ճիշտ է, դուք ավելի շատ օգնում եք այն բնակավայրերին, որոնք հեռացված են ու օգնության կարիք ունեն։ Այդ բնակավայրերում պետությունը ներդրումներ է իրականացնում՝ վերականգնում է ենթակառուցվածքները և այլն։ Աջակցության չափն այդ բնակավայրերում ավելի քան բավարար է տուն գնելու կամ կառուցելու համար, բայց բավական չէ Երևանում կամ հարակից չորս բնակավայրերում տուն ձեռք բերելու համար։ Մենք ասում ենք՝ քանի որ փաստարկը աշխատանքն է, մենք հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ այս աջակցության միջոցը վերցնեն՝ որպես հիմնական չափ, դիմեն բանկին, որը կհամաձայնվի վարկն ավելացնել, և գնեն այն գույքը, որը նախընտրում են ունենալ Երևանում կամ մարեզերում։ Կարող է ընտանիքը նաև սեփական խնայողությունն ավելացնել։ Եթե ճիշտ է այն փաստարկը, որ մարդիկ նախընտրում են մնալ Երևանում կամ երևանամերձ մարզերում, որովհետև այստեղ աշխատանք գտնելը հեշտ է, ապա ճիշտ է նաև այն դատողությունը, որ մեր ֆինանսական աջակցությունը թույլ կտա հավելյալ միջոցների ներգրավմամբ, օրինակ, ոչ թե 15 մլն դրամ, այլ 20 մլն դրամ արժողությամբ գույք ձեռք բերել։

-Պարզապես տվյալ դեպքում ընտանիքի վարկային բեռը կավելանա։

-Ճիշտ եք ասում, բայց մարդն ասում է՝ ես ուզում եմ այստեղ ձեռք բերել տուն, մենք ասում ենք՝ շատ լավ, դուք կարող եք որոշել՝ որքան վարկ կամ խնայողություն ավելացնել։ Մենք տվել ենք 15 մլն դրամ՝ ասելով, որ վարկային գումարը պետք է լինի ոչ պակաս, քան մեր տված աջակցության կեսը։ Մենք տվել ենք հնարավորություն և ազատություն։ Եթե տված չլինեինք, կառաջանար հակասական իրավիճակ։

-Երկրորդ քննադատությունն այն է, որ դուք սահմանամերձ գյուղերում բնակչության կազմի փոփոխություն եք իրականացնում, քանի որ այդ գյուղերի բնակիչները թանկ գնով կծախեն իրենց տներն ու կգան Երևան կամ երևանամերձ համայքներ։ Առաջարկվում է նաև արցախցիներով բնակեցված համայնքներ ստեղծել։

-Նրանք սկզբնապես ասում էին՝ հնարավորություն տվեք, որ այն ընտանիքները, որոնք նախկինում մեկ գյուղում են ապրել, ներկայում էլ նույն կերպ բնակվեն։ Մենք դա չենք բացառում, մենք սահմանել ենք աջակցության չափն ու բնակավայրերը։ Անցյալում մեկ գյուղում ապրած հարևան-բարեկամները կարող են հավաքվել, որոշել, որ գնում են որևէ մի համայնք, կողք կողքի հողամասեր են գնում ու բնակվում են այնտեղ։ Քննադատությունը, թե բնակչության կազմը կփոխի, պետք է պատասխանեմ, որ եթե մեկը որոշել է, որ չի բնակվի տվյալ գյուղում, չի բնակվի։ Մյուս կողմից, ինչպե՞ս պետք է նա վաճառի ու տուն գնի Երևանում, երբ այն ընտանիքը, որին մենք տվել ենք այդ աջակցությունը, չի կարողացել մայրաքաղաքում բնակարան կամ տուն ձեռք բերել։ Ավելի հավանական է, որ գյուղերում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կգտնեն այն տները, որտեղ ապրող չկա, որոնք ավելի էժան կլինեն։

-Գները կարող են բարձրանալ այս ընթացքում։

-Ենթադրում եմ, որ այո։ Հնարավոր է։ Բայց դա այնպիսի բան է, որ մենք հստակ չենք կարող կանխագուշակել։

-Ի՞նչ են անելու այն ընտանիքները, որոնք բազմանդամ չեն, մեկ, երկու, առավելագույնը երեք անձից են կազմված կամ մեկ անչափահաս ունեն։

-Մենք մի քիչ ժամանակ ունենք այդ հարցին անդրադառնալու համար, քանի որ մինչև 2026-ի հունվարի մեկը առաջնահերթորեն պետք է բավարարենք շատ անչափահաս երեխա ունեցող ընտանիքների հարցը։ Եթե մենք տեսնենք, որ մեր աջակցության չափը բավարար չէ, մենք առնվազն ասել ենք, որ կուենանք հնարավորություն այդ ընտանիքներին գոնե սոցիալական բնակարանով աջակցելու։ Այդուհանդերձ, եթե անգամ մեկ անչափահաս կա, կարող են յուրաքանչյուրը 5 մլն դրամ վերցնել և տուն գնել կամ կառուցել 242 բնակավայրերում։

Մեկնաբանել