Ընդդիմությունն ԱԺ օրակարգ է բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ

Գևորգ Թոսունյան

Ընդդիմադիր խմբակցությունները Ազգային ժողովի օրակարգ են բերել ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ։

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ-ի օրակարգ են ուզում մտցնել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, այլ կառավարության հրաժարականի ու նոր կառավարության ձևավորման ուղերձի նախագիծ։

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է Ազգային ժողովի խորհրդին ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է ուղերձին։

Անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) և ուղերձի միջև տեխնիկական տարբերությունը ձայներն են։ Վարչապետին անվստահություն հայտնելիս ընդդիմությանը պետք է գալու պատգամավորների ձայների ⅓-ը՝ 36 քվե, իսկ ուղերձի նախագիծ բերելիս՝ ձայների ¼-ը, այսինքն՝ առնվազն 26 ձայն։

Բայց կա իմաստային և բովանդակային կարևոր տարբերություն։ Ուղերձի նախագիծն ընդունվելուց հետո ենթադրվում է, որ այն պարզապես լինելու է ուղերձ։ Ընդդիմությունը նախկինում ևս նման նախաձեռնություններով է հանդես եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների, սահմանային իրավիճակի և այլ թեմաներով։ Դրանք եղել են հայտարարությունների տեսքով։ Օրենքի տեսանկյունից ԱԺ ուղերձներն ու հայտարարությունները հավասարեցված են։ Սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չէ։ 2022-ին, օրինակ, խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՔՊ-ն էլ հայտարարել էր, որ արտահերթ նիստը չի տապալի, սակայն չի էլ ընդունի նախագիծը։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 98-րդ հոդվածը սահմանում է, որ «Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է»:

Բացի այդ, նշվում է, որ Ազգային ժողովի հայտարարություններն ու ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

  • Անհրաժեշտ է անվստահության գործընթաց սկսել նիկոլին, 《ընդիմության》և իմ քայլի հետ միասին💩💩💩💩💩💩
    Զզվում եմ բոլորիցդ🤮🤮🤮🤮🤮🤮

Մեկնաբանել