Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել․ Փաշինյան

Հայաստանի սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրության փոփոխությունների հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում: Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ից հետո՝ 2019-ին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստը բավականին հասունացած է, և վերջին ճշգրտումներից հետո այն կարելի ստորագրել՝ արդեն հաստատված երկկողմ համաձայնեցումների հիման վրա։

Հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»։

Սահմանադրական փոփոխությունների հարցը կրկին օրակարգում է հայտնվել այս տարվա սկզբին, երբ հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»։

Հայաստանի ընդդիմությունը նշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել