«Կորոշենք՝ երբ դուրս կգանք»․ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

«Դուրս կգանք, դրանով էլ վախեցնու՞մ եք։ Մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Պակա՞ս է եղել այդ ասելիքը։ Ըստ ձեզ հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա, գնում ենք դեպի իրական Հայաստան»,- խորհրդարանի ամբիոնից պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

«Ես երկու տարի առաջ եմ ասել՝ մեր պետության գոյությանը վտանգ է սպառնում։ Մեղավորը նրանք են, ովքեր 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասում էին, որ մենք պետք է հույս չունենանք, որ Ադրբեջանը չի լինի ուխտադրուժ ու չի փորձի Ղարաբաղի հարցը լուծել պատերազմի միջոցով։ Մեղավորը նրանք են, որ ձևավորել էին ինչ-որ դաշինք-փուչիկ, որի անդամները ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»,- նշել է վարչապետը։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել