Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների դեմ

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում հավաք իրականացնող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների դեմ։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ լուսաձայնային նռնակներ կիրառվել են, քանի որ «իրավիճակն անկառավարելի էր»։ Ըստ նրա՝ քաղաքացիները շշեր, քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

Շարժման տելեգրամի էջում ոստիկանության գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների լուսանկարներ են հրապարակվել։

Ազգային ժողովի շենքի մոտ բախումների ժամանակ վնասվել է նաև ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը։ Շարքից դուրս է եկել ՍիվիլՆեթի ուղիղ հեռարձակման տեխնիկան։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ:

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը իր աջակիցներին հրավիրել էր Բաղրամյան պողոտա։ Շարժման հանրահավաքին զուգահետ խորհրդարանի ներսում տեղի էր ունենում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ թույլ չեն տալու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա Ազգային ժողովի շենքից։

Մեկնաբանել