ՈՒՂՂՎԱԾ․ ՔԿ-ն խեղաթյուրում է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել

Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck

#CivilNetCheck-ն ավելի վաղ գրել է, որ Քննչական կոմիտեն խեղաթյուրել է՝ հայտարարելով, որ ոստիկանությունը չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելուց առաջ։ Տեսագրությունների մեծ մասն ու տեղում աշխատողները փաստում էին, որ նախազգուշացում չի եղել, սակայն գտնվել են այլ տեսանյութեր, որոնցում լսելի է ոստիկանության նախազգուշացումը։ Նոր տեսանյութի հիման վրա CivilNetCheck-ն ուղղել է իր նյութը։

Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելուց առաջ ուժայինները պարտավոր են նախազգուշացնել ու ողջամիտ ժամկետ տալ ցուցարարներին անկարգությունները դադարեցնելու համար, Քննչական կոմիտեի հունիսի 13-ի տեսանյութն ու հայտարարությունը տպավորություն են ստեղծում, թե ֆիզիկական ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառելուց առաջ ոստիկանությունը նախազգուշացրել էր, մինչդեռ նման բան չի եղել։

Քննչական կոմիտեն հունիսի 13-ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված վարույթին։

Կոմիտեն նաև տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե «հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին»։ Այնուհետև Քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է լարված իրավիճակ և լսվում է ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող հայտարարությունը, որ կկիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։

Իրավապահ մարմինը, սակայն, ակնհայտ խառնել է ժամանակագրությունը․ ոստիկանությունը 19:30-ից բարձրախոսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտոնական տեսանյութում տեղ գտած նախազգուշական հայտարարությունը եղել է ավելի վաղ՝ 17:33-ին։

Ինչ է նախատեսում օրենքը

Ոստիկանության մասին օրենքը հստակ ամրագրում է, որ «ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար»։

Դեպքերի ժամանակագրությունը

Առկա տեսագրությունները փաստում են, որ հունիսի 12-ին՝ ժամը 17:33-ին, ոստիկանությունը նախազգուշացրել է, որ կկիրառի հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ, քանի որ մինչ այդ իրավիճակը լարվել էր Բաղրամյան պողոտայում։ Դրանից հետո տեղի է ունեցել քաշքշուկ և իրավապահները կիրառել են միայն ֆիզիկական ուժ՝ բերման ենթարկելով քաղաքացիների։ Այնուհետև 17:58-ից իրավիճակը հանդարտվել է, իսկ ֆիզիկական ուժ կիրառած կարմիրբերտավորները ետ են քաշվել, մարդիկ էլ շարունակել են խաղաղ բողոքի ակցիան։

Հնչել են ելույթներ և միայն 19:22-ին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությունից հետո, թե խորհրդարանի ներսում կռիվ է ու ընդդիմադիրները գնում են ներս, իրավիճակը սկսել է լարվել՝ 19:28-ից։ Այդ րոպեներից սկսած մինչև ֆիզիկական ուժ և լուսաձայնային նռնակների կիրառումը (19:40-ից) ոստիկանությունը, օրենքի համաձայն, չի նախազգուշացրել, առավել ևս չի տրամադրել բավարար ժամանակ, որ քաղաքացիները դադարեցնեն իրավախախտումը։

Ինչ է նախատեսում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ուղեցույցը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի 2016-ի՝ «Մարդու իրավունքների ձեռնարկ․ ոստիկանության գործունեությունը հավաքների ժամանակ» ուղեցույցը նման դեպքերում հստակ նշում է, որ «ուժ կիրառելուց առաջ հավաքին միշտ պետք է տրվեն նախազգուշացումներ»։

Նշվում է նաև, որ «նախազգուշացում պետք է տրվի ձայնի ուժեղացման համապատասխան սարքի միջոցով, պատշաճ ձևակերպումներով և մի քանի անգամ կրկնելով»։ Ավելին, ըստ ուղեցույցի՝ հենց ոստիկանության պարտավորությունն է, որ հանրահավաքի մասնակիցները լսեն նախազգուշացումը։

Տվյալ դեպքում ինչպես հունիսի 12-ին, այնպես էլ դրանից առաջ, որպես կանոն, ոստիկանության նախազգուշական հայտարարություններն ուղեկցվում էին ցուցարարների սուլոցներով, տվյալ դեպքում ուղեցույցը ամրագրում է, որ «կարող է անհրաժեշտություն առաջանալ մի քանի տեղերում նախազգուշացում տալու, որպեսզի բոլոր մասնակիցները լսեն այն»: Ուղեցույցը նաև նախատեսում է երկրորդ նախազգուշացում։

Մեկնաբանել