Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է ԱՄՆ-ի համար․ պետքարտուղարի տեղակալ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային։ ԱԳՆ-ն հայտնում է, որ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ:

Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին՝ նախարար Միրզոյանը նշել է. «Տեղյակ եք՝ մենք անցկացրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ նիստը, և այս անգամ մենք ոչ միայն ընդգծեցինք մեր համագործակցությունը նոր ուղղություններով հարստացնելու ձգտումը, այլև որոշում կայացրեցինք աշխատել նոր հանգրվանի ուղղությամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի՝ ռազմավարական գործընկերության: Այսպիսով, մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ, կքննարկենք ավելին:»

Ի պատասխան՝ Ռիչարդ Վերման նշել է. «Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարևոր է Միացյալ Նահանգների համար, և այստեղի քննարկումների արդյունքում մենք ցանկանում ենք ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում, և շարունակել մեր համագործակցությունը դեպի նոր մակարդակ»։

Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքսում․ «Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների հաջող ընթացքին և այդ ուղղությամբ ԱՄՆ արժեքավոր աջակցությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Տարածաշրջանային անվտանգության հարցերի համատեքստում Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը:

Մեկնաբանել