Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի, սահմանազատման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

«Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը: Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների և համայնքների միջև, ինչպես նաև տնտեսության, կրթության և այլ ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Վերման մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շուրջ:

Մեկնաբանել