Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից նոր հրթիռներ և ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը

Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռք բերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, ներառյալ ժամանակակից ռազմական անօդաչու սարքեր և միջին հեռահարության հրթիռները։ Այդ մասին հայտնում է Indian Defense Research Wing (IDRW) կայքը։

Պարբերականը նշում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է այլ համակարգերի, մասնավորապես, MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։

«Թեև Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի: Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից: Բացի Akash 1S-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության երկու այլ համակարգերի նկատմամբ։ MR-SAM-ը, որը մշակվել է Հնդկաստանի և Իսրայելի միջև համագործակցության արդյունքում, արդեն արտադրության մեջ է և հաստատվել է որպես արդյունավետ սարք: Եվ Akash-NG-ն՝ Akash հրթիռի կատարելագործված տարբերակը»,- գրում է IDRW-ը։

Ըստ կայքի՝ Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ հասկանալու համար, թե որն է համապատասխանում է ՀՀ պաշտպանական պահանջներին: Գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև։

***

2022-ի սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվել է մոտ 245 միլիոն դոլար: Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

2023-ի նոյեմբերին էլ Հայաստանը պայմանագիր էր կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու համար։ The Еurasian Тimes-ի՝ պայմանագրի արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար, որը ներառում է և հակադրոնային համակարգերի մատակարարում, և ուսուցում։

Մեկնաբանել