Օդրի Տոտուն, Ֆաննի Արդանը, ղարաբաղցի բժիշկն ու վարորդը և բոլոր, բոլորը

Ինչով են ղարաբաղցիները տարբերվում հայաստանցիներից։ Մոտ քսանհինգ տարի սրա շուրջ մտածելուց հետո մեկ օրվա ընթացքում իրական տարբերությունն ակնառու էր. մի բան հաստատելու համար հայաստանցիներն ասում են՝ հարյուր տոկոս, ղարաբաղցիները՝ մըլյոն։ Եվ երկուսն էլ սխալվում են։

Իսկ իրադարձությունները ծավալվում էին Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրում, որն ունի մոտ երկու հազար հինգ հարյուր բնակիչ։

Լուսանկարում՝ Սոֆյա Հովհաննիսյանը։

Իմ մտքով չէր անցնի ճշտել Լուսառատի բնակիչների թիվը, եթե տեղի ամբուլատորիայի միջանցքում, մի` սովետական իրականության մեջ կրթված ղարաբաղցի տարեց տղամարդ՝ Ճարտար գյուղից, բուժանձնակազմի համար չպարզաբաներ, որ երկու հազար հինգ հարյուր բնակիչ ունեցող բնակավայրն արդեն կարող է ունենալ հրշեջ ծառայություն, և ամբուլատորիայի փոխարեն՝ պոլիկլինիկա։

Տարեց ճարտարեցին այնպիսի հարազատ բծախնդրությամբ էր տիրապետում թվերին ու օրենքներին, որպիսին միայն սովետական Ղարաբաղի ուսուցիչների բծախնդրությունն էր՝ շեշտը բացականչական նշանով թաթախած, պապիս հստակ ձայնի ինտոնացիաներն էի լսում. «փակագիծ, քսանվեց հի՞նչ՝ լիտր, կիլոգրամ, սանտիմետր՝ առանց տրա խնդիրը համարվում է չլուծված»։

ELISE CARE` գրված է գազարագույն երկար ավոտբուսի վրա։ Ավտոբուսի ներսում շարժական կլինիկա է՝ տարբեր մասնագետներով։

Էլիզ Պողոսյանը՝ հիմնադրամի տնօրենը, Ֆաննի Արդանի արտաքինով ֆրանսուհին՝ սև փոքրիկ շորով ու արծաթյա ազգային վզնոցով, որդու՝ Նոյի հետ, որն այնպիսի արևելահայերենով էր խոսում, որ միայն վերջում հասկացա, որ Էլիզի տղան է, այդ օրը եկել էր այցի։

Ասում է. «քսան թվականի պատերազմից հետո երկար աշխատել ենք Արցախում, ու երբ Արցախից դուրս եկան հայերը, որոշեցինք չթողնել իրենց ու շարունակել աշխատանքը։ Շարժական կլինիկա դրեցինք և բժիշկներ գտանք, Ֆրանսիայից սպոնսորներ գտանք, քրիստոնեական բարեգործություններ կան, որոնք մեզ օգնում են, ֆրանսիական կազմակերպություններ, մեքենայի ծախսերի, մասնագետների աշխատավարձերի հարցում, ինչի շնոհիվ էլ մենք կարողացանք չթողնել արցախցիներին, որոնք մեր կարիքը շատ ունեն։ Չինաստանում տասը տարի ասեղնաբուժություն եմ սովորել, տարբեր երկրներում եմ աշխատել։ Եթովպիայում պիտի ծրագիր անենք, Հորդանանում, Իրաքում աշխատում ենք։ Մենք հայ ենք, ու գիտենք՝ պատերազմն ինչ է։ Տատիկս Սվասից էր, հետո՝ Լիբանան, ամեն դժվարություններն ու տրավմաները գիտեմ։ Ես ծնվել եմ Ֆրանսիայում, հեշտ էր մեզ համար, ինչու չօգնենք նրանց, ովքեր դժվար են ապրում։ Ամեն ամիս գալիս էինք քսան թվի պատերազմից հետո, հիմա երկու ամիսը մեկ, տղաներս միշտ հետս են, վարժված են, երեք տարեկանից ինձ հետ գալիս են, ստանդարտ ընտանիք չենք այդ առումով, փոքրուց սովորեցրել եմ բարեգործության, օգնության կարևորությանը։

Հայերի աչքերի մեջ հույսն ու հավատը կորել են, ուզում եմ մի քիչ վերադարձնել»։

– Աշխարհի բոլոր հակամարտություններին տեղյակ եք, հայաստանցի-ղարաբաղցի հակամարտությանը տեղյա՞կ եք։

– Թշնամու աչքը լույս, ինչ ասեմ։

Վերադառնանք ավտոբուս։ Շարժական կլինիկայի ղեկավար, բժիշկ Սոֆյա Հովհաննիսյանը (իմ և նրա ազգանունների համընկնումը պատահականություն է) առաջարկեց գնալ իրենց հետ, որովհետև հետաքրքիր պատմություններ կան, արժե գրել։ Նրա բժշկական գիտելքիներին, չհատնող եռանդին վաղուց ծանոթ լինելով՝ գնացի իրենց հետ Արարատի մարզ՝ տեսնելու գազարագույն ավտոբուսն ու հետաքրքիր պատմությունները։

Իսկ առաջին պատմությունը շարժական կլինիկայի ռադիոլոգ-սոնոգրաֆիստ Լիանա Աղաբեկյանն է՝

Արցախի Մարտունու հիվանդանոցի սոնոգրաֆիստ Լիանան։

Լիանա Աղաբեկյանը ELIS CARE շարժական կլինիկայի ռադիոլոգն է։ Սկզբում քչախոս էր, փակ էր: Lուռ հասանք Վեդի, հագավ սպիտակ խալաթը, մտավ ավտոբուսի իր խուցը, սկսեց զննել տեղի բնակչությանը։ Ցածրաձայն, հատու ու վստահ դիագնոզում էր։

Լիանան սկսեց շփվել դոզավորված՝ զուսպ, ապա՝ անկեղծ, հետո՝ ավելի անկեղծ, հետո` շատ զգացմունքային, ու նավթի շատրվանի նման պայթեց ուժեղ ցավը, շատ ուժեղ կարոտը, ու ամեն պատմությունից հետո արցունքով լցվեցին խելացի աչքերը։

Լուսանկարում՝ Լիանա Աղաբեկյանը

Ես հաջորդ օրը մարտունեցիներին հարցրեցի Լիանայի մասին. չկար մեկը, որ չիմանար։ « Լիանայի բոլոր դիագնոզները Երևանում հաստատվել են», «ես չեմ եղել մոտը, բայց մամաս շատ էր գովում», «իրոք, լավ մասնագետ էր», «մեր վերջին տարիների բժիշկները շատ լավն էին, Լիանան՝ ամենալավերից», «Մարտունու հեռավոր գյուղերից էին գալիս մոտը», «Ստեփանակերտից գալիս էին Մարտունի, որ Լիանան նայի»՝ ասում էին։

1982-ին է ծնվել ու մեծացել Երևանում։ Հայրն է Ճարտարից։ Հայրը Երևանում բժիշկ է եղել, բայց բոլոր պատերազմներին Արցախում էր։

2008-ին Լիանննան գալիս է Արցախ որոշ ժամանակ աշխատելու։ «Որոշ ժամանակը» դառնում է անորոշ ժամանակ, որովհետև ամենաուժեղ կապվածություններն առաջանում են «որոշ ժամանակ»-ում։ Լիանան նույնիսկ բարբառը չգիտեր, որովհետև մայրը երևանցի էր, հայրը տանը բարբառով չէր խոսում։ Բարբառը չիմանալը մեծ խնդիր չէր լինի, եթե բարբառը չունենար իր նրբությունները կամ գրական հայերենի սեփական մեկնությունները երբեմն այդքան ճակատագրական չլինեին։ Հերթական ճշգրիտ ախտորոշումից հետո Լիանան դուրս է գալիս գազարագույն ավտոբուսի իր խցից ու ծիծաղելով պատմում, թե ոնց մի անգամ, երբ Մարտունում հիվանդին հետազոտելիս ասել է՝ «չէ, չի ստացվի, միզապարկը դատարկ է, պետք է պարկը լցնել, գնացեք, լցվի նոր կգաք, դատարկ չգաք, չեմ կարող նայել»։ Ասում է՝ քիչ հետո դուրս եկա, տեսնեմ, հսկայական հերթից մարդ չի մնացել։ Հետ եկա, նստած եմ աշխատասենյակում, մեկ էլ՝ կես ժամից ամբողջ հերթը հետ է գալիս մեկական լիքը տոպրակով, մեջը՝ կոնֆետ, սուրճ, միրգ։ Շշմած նայում եմ։ Զայրանում եմ, մեկ էլ՝ առաջին հիվանդն ասում է՝ «ա, պա տու չը՞ս ասալ՝ դատարկ չգաք» (բա դու չես ասել՝ դատարկ չգաք): «Միզապարկը դատարկ չգաք»-ը մեկնաբանել են՝ դատարկաձեռն չգաք, ու տոպրակները լցրել, եկել են։

Սա հետո անեկդոտ էր դարձել Մարտունում։

– Սոնոգրաֆիայի սարքը թույլ էր, բայց կարողանում էի ճիշտ ախտորոշել։ Ստեփանակերտի հիվանդանոցում շատ լավն էր տեխնիկան, Մարտունիում՝ չէ, բայց Ստեփանակերտի հիվանդները հաճախ գալիս, հասնում էին Մարտունի։

Երեք պատերազմ տեսա՝ ասում է Լիանան։

– Երկու պապերս Բեռլին էին հասել, երկուսի կուրծքն էլ լրիվ մեդալ էր։ Բայց պատերազմը էնքան հեռու բան էր ինձ համար։ Երբեք չէի մտածի, որ ես պատերազմ եմ տեսնելու, էն էլ՝ մեկի տեղ երեքը։

Պատերազմի մասին պատմելիս սկզբում պատմում է անձնական մեծ ցավի, հետո ձեռք բերած մասնագիտական գիտելիքների մասին։ Ասում է. «Մեկի փափուկ հյուսվածքի մեջ ակնհայտորեն օտար մարմին կար, բայց եղած սարքով դժվար էր հասկանալ՝ ինչ է, որովհետև բեկորը հստակ ուրվագծվում է, իսկ սա այլ բան էր։ Մարդը վնասվածք է ստացել, գոյացության մասին չէր խոսքը, բայց բեկոր էլ չէր։ Վիրահատելիս կանչեցին, որ ներկա լինեմ, քանի որ դեպքը քննարկման նյութ էր դարձել։ Պարզվեց՝ քար է, արկը պայթելիս հողից քարի կտորը մտել էր մարմնի մեջ։ Սրանք բաներ են, որ միայն փորձով կարող ես իմանալ»։

«Ամեն անգամ, երբ որոշում էի թողնել Մարտունին, մարտունեցիները հետ էին պահում։ Իսկ թողնելու միակ պատճառն այն էր, որ մասնագիտական առումով աճ չունեի, ամեն տեղ նոր, բարձրակարգ սարքավորումներ էին, ուզում էի գնալ, տեսնել, սովորել, նոր բաներ իմանալ, իսկ իմը մի հին ապարատ էր»։

Լիանան Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահական ինստիտուտում սովորելու տարիներից երազանք ուներ հայերեն ռադիոլոգիայի դասագիրք գրել, որովհետև ռադիոլոգիայի մասին բոլոր գրքրեը ռուսերեն, անգլերեն ու այլ լեզուներով են։ Հիմա գրում է։

Երբ արդեն օտարության անջրպետը ջարդված էր, ամեն հիվանդի ախտորոշելուց հետո Լիանան ինքն էր իր խցից դուրս գալիս, որ մի բան պատմի։ Այդպես խոսելով հասանք վերջին՝ 2023-ի սեպտեմբերի 19-26-ին։

Երբ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի անունը տվեցի, Լիանան ոչ թե հուզվեց, այլ սկսեց լաց լինել։

– Ես հիվանդանոցում էի, երբ Ազնավուրի մարմինը բերեցին, ահավոր բան էր, շատ էր լավը ինքը։

Հիշեցինք սեպտեմբերի 19-ի այդ սոսկալի օրը Ազնավուրի վերջին հեռախոսազրույցը լրագրողի հետ.

«Այո՛, կռիվ ա, այո՛ ունենք (վիրավորներ), դե, չեմ կարում խոսեմ, լավ մնացեք»։

– Ազնավուրը կարող էր չգնալ, ինքը վարչական շրջանի ղեկավար էր, կարող էր շատերի նման նստել իր տեղում, պաշտպանվել ռմբակոծությունից, իսկ ինքը ընկերներին հավաքել, գնացել էր լռեցնելու այն տեղը, որտեղից քաղաքին վտանգ էր սպառնում,- լացելով ասում է բժշկուհին։

Հետո Լիանան փակվում է սոնոգրաֆիայի սենյակում։ Հիվանդին ճանապարհում է ու կարևոր մի բան հիշած՝ գալիս է, թե. «Մոնթեի արձանը Մարտունուց հանել ենք, որ թշնամին չպղծի, գիտես, չէ՞։ Ռմբակծում էին հենց արձանը, ու ոչ մի հատը չկպավ Մոնթեին, միայն կողքի հողն էր վնասվել։ Հանեցինք Մոնթեին, չթողեցինք իրենց»։

Այնպես էր խոսում, կարծես ողջ Մոնթեի մասին խոսեր։

Պատերազմից հետո սենտիմենտալ բաները չեն ազդում, բայց սա երախտագիտության ու սիրելու արտասովոր դրսևորում էր, ոչ մի սենտիմենտալ բան չկար։ Մարդիկ դժոխքի մեջ, հայրենիքից զրկվելիս հանել են իրենց Ավոյի արձանը, որ թշնամին ձեռք չտա։

Լիանան ցույց է տալիս թերթում տպված մի լուսանկար, որտեղ պատերազմի ժամանակ ինքը, եղբայրը և հայրն են՝ երեք բժիշկ։ Հայրը իննսունականներին Մոնթեի զինվորն է եղել, Երկրորդ պաշտպանականի բուժծառայության պետը։

– Մարտունում երեք բարձահարկ շենք էին կառուցել զինվորականների ընտանիքների համար։ Միմիայն զինվորականների համար էր։

Գլխավոր բժիշկ Գասպարյանի պահանջով ինձ երեք սենյականոց բնակարան տվեցին այդ շենքում։ Երեք շենք էր, իմը մեջտեղինն էր։ Ռմբակոծությունից կողքի երկու շենքերը քանդվել էին, իմը մնացել էր, երեք շենքից մեկը կանգուն էր, մի բան չկպավ տանս։ Երբ վերջում թույլ տվեցին բարձրանալ իրերը վերցնել, բարձրացա տուն, մաքրեցի մեծ բնակարանս, պատուհանները մաքրեցի, հատակը, ամեն ինչ, որ փայլի, մտա հանգիստ լողացա, հագնվեցի ու միայն անձնագիրս եմ վերցրել, ամեն ինչ թողեցի ու դուրս եկա»։

Հեռանալուց առաջ տունը մաքրելու ղարաբաղյան այս ֆենոմենը հետազոտության նյութ է, իմ կարծիքով՝ սիրո արտահայտման վերջին ձև այս դեպքում։

– Ես մորական տատ ունեի՝ Աշխեն Միրզաբեկյան անունով։ Բժշկուհի էր։ Նա էլ էր Բեռլին հասել։ Հայրս սկսնակ բժիշկ էր, Աշխեն տատիս մոտ էր աշխատում, տատս շատ էր հավանել հորս ու ուզել էր, որ աղջիկն անպայման ղարաբաղցու հետ ամուսնանա,- ասում է Լիանան։

Մեր՝ հարցազրույցի ոչ մի ֆորմատի մեջ չմտնող զրույցը ավարտվել էր, հիվանդների ախտորոշումների արանքում մեծ ցավ պատճառած բաների մասին պատմել-հուզվել, հետո լուռ նստելը դժվար է հարցազրույց կոչել, Լիանան շատ շուտ զգաց, որ ես զգում եմ իր կարոտը, որ ես էլ եմ այնտեղ։ Վերջում ուղղակի դուրս եկավ սոնոգարֆիայի խցից, մոտեցավ ինձ, ասաց՝ կլինի՞ հորաքրոջս անունը գրես, եթե ինքը չլիներ, ես չէի հավատա ուժերիս, բժիշկ չէի դառնա։

Իսկ խնդիրն այն է, որ Լիանան տասներկու տարեկանում պատահած վթարից հետո լսողական ու խոսքի դժվարություն ունի։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Ավդալբեկյանի անվան ինստիտուտը՝ կարմիր դիպլոմով։ Ամեն ինչի համար շնորհակալ է հորաքրոջը, նա է ստիպել հավատալ, որ աղջիկը կարող է ու դառնալու է լավագույն բժիշկներից մեկը։

Ես գրում եմ հորաքրոջ անունը՝ Հասմիկ Աղաբեկյան։

Մենք բաժանվել էինք, հաջորդ օրը տեքստն էի հավաքում, երբ Վայբերով Լիանայից ստացա այս նամակը. «Կարելի՞ է իմ բուժքրոջ մասին էլ երկու բան գրել՝ Ազարյան Մարգո, Բերդաշենից։ Իննսունականների պատերազմի մասնակից, բազմաթիվ մեդալներ ունի։ Տասը տարի Մարտունիում միասին ենք աշխատել, իրենից շատ բան եմ սովորել։ Երբ Մարգոն թոշակի անցավ, որոշեցի գնալ Մարտունուց։ Որոշեցի Քաշաթաղում աշխատել, Քաշաթաղի հիվանդանոցը տեխնիկայով հագեցած էր։ Այդ ժամանակ էր, որ մարտունեցիներս պահանջեցին ինձ բնակարան տալ, որ մնամ իրենց մոտ։ Գրե՛ք, խնդրում եմ Մարգո Ազարյանի անունը»։

Գրում եմ։

(Շարունակելի)։

Մեկնաբանել