Ուժայինները՝ Արցախի ներկայացուցչությունում․ ինչ են ասում փաստաբանն ու ՔԿ-ն

Ուժայինները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավելու նպատակով հունիսի 21-ին ներխուժել են Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ «այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի հարցազրույցից հետո, որի ժամանակ նա պնդել էր, որ արցախցիների նկատմամբ ճնշումներ կան»։

«Նախագահի այն ճեպազրույցից հետո եկել են մեքենան ջարդել ու վերցրել, գնացել։ Այս ամենը արել են առանց փաստաբանի ներկայության։ Մենք նախագահի հետ հարցաքննության էինք, երբ հաղորդեցին, որ ներկայացուցչության դռները կոտրատում են, որ մեքենան տանեն։

Դա ոստիկանության հատուկ ջոկատայիններն էին։ Քննիչները, անվտանգության աշխատակիցները, հատուկ ջոկատայինները, քրեական հետախուզության աշխատակիցները ճանապարհները փակել են, որ ոչ մեկ չխոչընդոտի այս ամենը»,- նշեց Երիցյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ հունիսի 7-ին քննիչը գնացել էր նշված վայր՝ քննչական գործողություններ իրականացնելու և «Տոյոտա» մակնիշի մեքենան առգրավելու վերաբերյալ։

«Քննիչի կողմից մեքենան կնքվել էր, սակայն հնարավոր չէր եղել ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, քանի որ հրաժարվել էին դարպասները բացել ու մեքենան հանել»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այդ գործողությունը կատարվել է այսօր․ «Իրավաչափության հետ կապված որևէ խնդիր այս մասով չկա։ Ամսի 7-ին առգրավումը կատարելու ժամանակ ներկայացվել էին համապատասխան հիմքերը, ինչպես նաև ներկայացվել էր, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է գործընթացն իրականացվում»։

2024-ի փետրվարին ՔԿ-ում նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, այն վերաբերում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն, ինչպես նաև 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն էլ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակին։

«Թեև այս վարույթով քրեական հետապնդման անձ չկա, սակայն նախաքննությունը շարունակվում է, և դրա շրջանակներում անհրաժեշտություն էր առաջացել քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով «Տոյոտա» մակնիշի մեքենան առգրավվելու»,- նշեց Աբրահամյանը։

Մեր այն հարցին, թե արդյոք քննիչն ունի այդ գործողությունն իրականացնելու որոշում, նա պատասխանեց, որ տվյալ գործողությունը պետք է իրականացվի քննիչի որոշմամբ, որն առկա է և այն ներկայացվել է պաշտպանական կողմին․ «Եթե նրանք իրավաչափության խնդիր են տեսնում, ապա առանց կաշկանդվելու կարող են իրավական ընթացակարգ ապահովել դրա կապակցությամբ»։

Մեկնաբանել