«ՀՀ խորհրդարանի ամբիոնից պետք է կախվի Հայաստանի դրոշը, ոչ թե ԵՄ-ի»․ քննարկում ԱԺ-ում ԵՄ անդամակցության շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության ընթացքը դանդաղեցնելու կամ կասեցնելու նպատակ և մտադրություն չունի. Ազգային ժողովում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին քննարկումներին հայտարարեց իշխանական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը։

«Այս քննարկումն էլ ՔՊ-ն է հրավիրել՝ մեր հանձնաժողովի անունից։ Մենք ենք ցանկացել, որ նման քննարկում սկսվի»,- հայտարարեց Եղոյանը։

«Հանրապետություն» կուսակցության համահիմնադիր Արամ Սագրսյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանը պետք է վերջնական որոշի երկրի ուղղվածությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական դաշտը բաժանվել է երեք մասի։ Առաջին մասի կողմնակիցները, ըստ Սարգսյանի, պնդում են, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնի, մյուս մասը կարծում է, թե մեր երկիրը պետք է նոր գործընկերներ գտնի, սերտացնի ԵՄ-ի հետ հարաբերությունները, սակայն ՌԴ-ի հետ նույնպես գործընկեր մնա։ Բացի այդ, նրա կարծիքով, կա երրորդ ուղղությունը, որի ներկայուցիչն է նաև ինքը․

«Այս դեպքում առաջարկվում է, որ մենք իսկապես քաղաքակրթական ընտրություն կատարենք և վերջնական որոշենք Հայաստանի ուղղությունը։ Այդ ուղղությամբ իրական քայլեր իրականացնենք»,- ասաց Սարգսյանը։

Նա իշխանություններին կոչ արեց հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։

Սարգսյանի խոսքով՝ պետք է ունենալ ապահովության լրացուցիչ բարձիկ, երբ Եվրոպայում և ԱՄՆ-ում իշխանության գան այլ ուժեր․ «ԵՄ-ի անդամակցության հայտ ներկայացրած Հայաստանը միանշանակ ավելի ապահով է։ Այդ Հայաստանն ավելի անվտանգ է լինելու Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումներից, քան այսօրվա Հայաստանը։ Մեզ այդ երեք ուժի դեմ միայնակ պայքարելու ճոխությունը տրված չէ։ Մենք պետք է օր առաջ նոր համախոհներ ունենանք, որը պետք է ամրագրենք։ Այդ համախոհությունը պետք է ապահովի ՀՀ քաղաքացին, ոչ թե իշխանությունը կամ վարչապետը, որովհետև նման դեպքերում Հոկտեմբերի 27 է տեղի ունենում։ Անձով չի որոշվում, ժողովրդի որոշելու դեպքում է, որ այդ ուղղությունը երբեք չի փոխվի»,- ամփոփեց Սարգսյանը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ելույթի ժամանակ ցույց տվեց «կալոշ»․ «Սա խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական, ինչպես նաև արտաքին այն քաղաքականությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում։ Այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք։ Սա պետք է պարզապես շպրտվի մեր իրականությունից»,- հայտարարեց նա և ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշ։

Այս ակցիան դուր չեկավ Արման Եղոյանին․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից դուք կախել եք ԵՄ դրոշը, ինչը խնդիր չի, սակայն ՀՀ խորհրդարանի ամբիոնից պետք է կախվի Հայաստանի դրոշը»,- հայտարարեց Եղոյանը։

Մեկնաբանել