Hamster Kombat. գերմանամկան ռիսկերն ու հեռանկարները

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Վերջին շրջանում Հայաստանում և ոչ միայն մեծ տարածում է գտել Hamster Kombat խաղը, որի վերաբերյալ տարատեսակ կարծիքներ են հնչում։ Խաղի մասին շատ բան հայտնի չէ, ինչն էլ մի շարք ռիսկեր է պարունակում։

Hamster Kombat-ը քլիք-խաղ է, որն առաջարկում է խաղացողներին վաստակել վիրտուալ մետաղադրամներ և հետագայում դրանք կրիպտոարժույթի վերածել։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է խաղը և փորձել հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է խաղի միջոցով գումար վաստակել։

Hamster Kombat-ն աշխատում է Տելեգրամ ալիքում։ Խաղացողները միավորներ են վաստակում գերմանամկան՝ խաղի հերոսի վրա սեղմելով։ Խաղի ստեղծողները խոստանում են հետագայում գրանցել HMSTR-ը որպես կրիպտոարժույթ և արժեթղթերի ցուցակագրում (listing) իրականացնել, այսինքն՝ ցուցակագրել արժեթուղթը կրիպտոարժույթի հիմնական բորսաներում, որից հետո խաղի մասնակիցները կկարողանան իրենց վաստակած միավորները կրիպտոարժույթի վերածել։

Էկրանապատկերը՝ Hamster Kombat խաղից

Խաղն առաջարկում է միացնել դրամապանակը TON բլոկչեյն-պլատֆորմին, որ հետագայում խաղի միջոցով հավաքած մետաղադրամների դիմաց թոքեններ ստանան և դրանք կրիպտոարժույթի վերածեն:

Էլեկտրոնային դրամապանակը նման խաղերին միացնելը, սակայն, կարող է անվտանագային ռիսկեր առաջացնել։

Խաղը ստեղծողները խոստանում են արժեթղթերի նախնական ցուցակագրում իրականացնել 2024-ի հուլիսին, սակայն վերջնական ցուցակագրման մասին որևէ տեղեկություն չկա։

Ամենակարևորը՝ հայտնի չէ, թե ովքեր են ստեղծել խաղը։ Խաղի էջը՝ hamsterkombat.io.ru-ն, գրանցված է RU-Center Group-ի կողմից, որը դոմեյններ գրանցող ամենամեծ ընկերություններից է Ռուսաստանում: Որոշակի ենթադրություններ արվել են, սակայն դրանք հաստատված չեն։

Էկրանապատկերը Whois կայքից

Ռուսական The Bell կայքը գրել էր, որ Տելեգրամն ինքն օգուտներ է ստանում խաղից։ Քանի որ խաղը տարածվում է Telegram ալիքների միջոցով, Telegram messenger-ի օգտատերերը շատանում են, նաև ազդում է երթևեկի (traffic) վրա։ Խաղն առաջարկում է հավելյալ միավորներ ստանալ Telegram Premium-ով մուտք գործելու դեպքում, ինչը նույնպես օգուտներ կբերի Տելեգրամին։

Բացի Telegram ալիքից, գործում է նաև Hamster Kombat Յութուբի ալիքը, որտեղ կարճ տեսանյութեր են կրիպտոարժույթի և խաղի վերաբերյալ, X-ի էջը և այլն։ Ստեղծման օրվանից մինչ օրս խաղի յութուբյան ալիքն ունի 28,2 միլիոն, X-ի էջը՝ 9,6 միլիոն հետևորդ, և հետևորդների թիվը շարունակում է մեծանալ։ Այսինքն, եթե ինչ-որ պահի խաղը ստեղծողները որոշեն գովազդ տեղադրել կամ վաճառել սոցիալական ցանցերի էջերը, դարձյալ օգուտներ կստանան դրանից։

Ի՞նչ ռիսկեր կան խաղի հետ կապված

Հայտնի չէ՝ խաղն իսկապես կցուցակագրվի կրիպտոարժույթի բորսայում, թե ոչ, իսկ ցուցակագրվելու դեպքում խաղացողների մեծամասնությունը մեծ օգուտներ չեն ստանալու։ Նման խաղերը մեծ օգուտներ են բերում խաղը ստեղծողներին կամ սկզբնական փուլում ակտիվորեն խաղին միացածներին, բայց նման խաղացողների թիվը սովորաբար քիչ է լինում։

Նույնիսկ ցուցակագրում չանելու դեպքում խաղի ստեղծողները արդեն իսկ եկամուտներ են ստանում Յութուբից։ Բացի այդ, ինչպես նշեցինք՝ հայտնի չէ, թե ովքեր են խաղի ստեղծողները և խնդիրներ առաջանալու դեպքում ով է պատասխանատու։

Մյուս կողմից, քլիք-խաղերը լավ խայծ են հաքերների համար։ Ռուսական F.A.C.C.T կիբերանվտանգության կազմակերպությունը վերջերս հայտնել էր, որ հաքերները փորձում են ստանալ խաղացողների էլեկտրոնային դրամապանակի տվյալները՝ խնդրելով նրանց մուտք գործել կեղծ Hamster Kombat-ի էջը։

Խաղը քննադատությունների է ենթարկվել նաև դեռահասների վրա թողած հոգեբանական ազդեցության համար։

Նմանատիպ այլ խաղեր, որոնք իրականում շատ քիչ եկամուտներ են բերում

Քլիք-խաղերը նոր չեն, դրանք կարող են վիրուսային ու գրավիչ լինել, բայց քիչ եկամուտներ բերել։

Hamster Kombat-ը հաճախ համեմատում են ռուսական Notcoin քլիք-խաղի հետ։ Notcoin-ը նույնպես աշխատում է Տելեգրամում և դարձյալ առաջարկում էր գումար աշխատել պարզապես մետաղադրամի վրա կտտացնելով։ Ի տարբերություն Hamster Combat-ի՝ Notcoin խաղի ստեղծողը հայտնի է, այն է՝ Open Builders կազմակերպությունը, որի հիմնադիր Ալեքսանդր Պլատվինովը նշում է, որ խաղը ստեղծվել է իր կողմից, իսկ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հենց ինքն է գովազդում խաղը: Խաղը գործարկվել է 2024-ի հունվարին, ապրիլին արդեն եղել է արժեթղթերի ցուցակագրում և Notcoin-ը սկսել է վաճառվել կրիպտոարժույթի ամենահայտնի բորսաներում, ինչպես, օրինակ, Binance-ում, OKX-ում և BYBIT-ում։

Ներկայում թոքենն արժե 0,013$: Համաձայն խաղի կանոնների՝ 1 000 խաղային մետաղադրամն արժե 1 Notcoin, այսինքն եթե խաղացողն ունի 1 միլիոն խաղային մետաղադրամ, ապա կարող է ստանալ դրա դիմաց ընդամենը 13$:

Այսպիսով, քլիք-խաղերը կարող են իսկապես եկամուտներ բերել, բայց եկամուտները հիմնականում քիչ են լինում, ուստի պետք է հասկանալ՝ արդյոք խաղի վրա ծախսված ժամանակն ու միջոցները ավելի շատ չեն, քան ստացված եկամուտները։ Չպետք է մոռանալ նաև նմանատիպ խաղերի ռիսկերի մասին։

Մեկնաբանել