Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետի հետ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:

«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի ԱԳՆ-ը հունիսի 21-ին հայտարարել է, որ Երևանը ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին»:

Մեկնաբանել