ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են․ ՌԴ փոխվարչապետը՝ Հայաստանի մասին

Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այդ մասին հունիսի 25-ին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի մասին խոսելիս ճիշտ չի լինի աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։ Հետևաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Օվերչուկը նշել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում կայունություն տիրի, երկկողմ «լավ առևտրային և եղբայրական հարաբերություններ» լինեն։

2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Մարտի 9-ին TRT World-ին տված հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։

Մեկնաբանել