Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ Այդ մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար»,- ասել է ԵՄ խոսնակը։

***

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում հունիսի 17-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է, թե «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ կարծիք է հայտնել, թե հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը վտանգ է ներկայացնում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել էր հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք «տարակուսանք են առաջացնում»։ «Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել էր ԱԳՆ-ը։

Մեկնաբանել