Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների 10-րդ փաթեթը

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների 10-րդ փաթեթը։ Այդ մասին հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,- նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։

«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել համապատասխան գերատեսչությունների միջև»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

***

Հայաստանի ԱԳՆ-ը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լրամշակված 9-րդ խմբագրությունը Ադրբեջանին էր փոխանցել հունիսի 4-ին։ Հայկական կողմի վերջին առաջարկները ստանալուց հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է»։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 7-ին հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ այն «բավականաչափ հասունացած է ստորագրման համար»։ Հայկական կողմի առաջարկն անպատասխան է մնացել։

Մեկնաբանել