Նոր պատերազմի վտանգն առաջ կգա գարնանը. Լեոնիդ Ներսիսյան 

APRI Armenia վերլուծական կենտրոնի (Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ – Արմենիա) ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերն անցնում են ՆԱՏՕ-ի տրամաչափի զենքերի ձեռքբերման՝ գնելով հնդկական և ֆրանսիական սպառազինություն, հատկապես՝ հրետանի։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում Ներսիսյանը կարևորում է Ֆրանսիայի հետ կնքված ռազմատեխնիկական համագործակցությունը, որով Ֆրանսիան Հայաստանին է մատակարարելու CAESAR ինքնագնաց հաուբիցներ։ Հարցազրույցից կարևոր մտքեր առանձնացված են ստորև։

Ադրբեջանը նոր էսկալացիայի մասին նարատիվ է տարածում

Կարծում եմ՝ այս փուլում Ադրբեջանի ղեկավարությունը դա անում է, քանի որ հարկավոր է իրավիճակը լարվածության ինչ-որ մակարդակում պահել։ Հասկանալի է, որ Երևանից փորձում են հակառակն անել և առավելագույնս մարել լարվածությունը։ Օրինակ՝ Երևանը հերքում է հայկական կողմից հրադադարի խախտման ադրբեջանական լուրերը կամ փորձում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, ինչին, իմ կարծիքով, Ադրբեջանը չի համաձայնի, քանի որ այդ դեպքում դժվար կլինի օգտագործել նման գործիքներ։ Հայաստանն այսօր նման հավակնություն և հնարավորություն չունի․ այստեղ ամեն ինչ բավականաչափ պարզ է։

Ինչ վերաբերում է նոր պատերազմի վտանգին, այս պահին չկան նշաններ, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում։ Այդ պատճառով կարելի է ասել, որ մոտակա շաբաթներին մեծ պատերազմի մասին կարելի է չխոսել։ Եթե խոսում ենք ավելի գլոբալ, ապա այդ վտանգը բացառված չէ՝ հատկապես Բաքվում 2024-ի նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովից հետո։ Իսկ որքան մոտենա COP 29-ը, այնքան կնվազի այս ընթացքում նոր պատերազմի հավանականությունը։ Հավանականությունը քչանում է, բայց այն երբեք զրոյի չի հասնի։

Գագաթնաժողովից հետո ձմեռ է, իսկ ադրբեջանցիները, որպես կանոն, ձմռանը որևէ գործողություն չեն անում։ Դա չի նշանակում, որ նման սցենարը պետք է բացառել, բայց ամեն դեպքում ձմեռային պայմանները բարդ են, այդ պատճառով էլ կարծում եմ, որ վտանգը առաջ կգա գարնանը, եթե այդ պահին նոր պայմանավորվածություններ ձեռք բերված չլինեն։

Ադրբեջանն ագրեսիայի կարող է դիմել «միջազգային իրավիճակի ինչ-որ դասավորության» դեպքում

Ադրբեջանին նման քայլի կարող է դրդել միայն միջազգային իրավիճակի ինչ-որ դասավորություն, եթե նրանք իմանան, որ դա անհետևանք կմնա։

Միջազգային ուժային կենտրոնների ազդեցությունը, ցավոք, օբյեկտիվորեն չափելի չէ։ Բայց եթե ունենք իրավիճակ, երբ 2022-ի սեպտեմբերից հետո սահմանային մեծ էսկալացիա տեղի չի ունեցել, գոնե մասամբ միջազգային հսկման մեխանիզմներն աշխատում են։ Չի կարելի ասել, որ չեն աշխատում։ Որոշ արդյունավետություն կա, մանավանդ որ Ադրբեջանը նոր էսկալացիայի իրատեսական մոտիվացիա կունենար։

Հրադադարի խախտման համատեղ հետաքննման առաջարկն ուղերձ է միջազգային հանրությանը

Հայաստանն ամբողջ ուժով ցույց է տալիս, որ ուզում է խաղաղության պայմանագիր և պատրաստ է մաքսիմալ կառուցողական երկխոսության և որոշ դեպքերում նույնիսկ ավելիին։ Ես կարծում եմ, որ հայկական կողմին, նույնիսկ իմանալով, որ Ադրբեջանը չի համաձայնի, սա ամեն դեպքում նվազագույնը օգտակար է, քանի որ ոչ ավելորդ անգամ հաստատում է, որ մենք չենք դեէսկալացիա ցանկացող կողմը։

Հայաստանը գնում է բանակի վերազինման՝ առանց Ռուսաստանի

Նվազագույնը երեք-չորս տարի կտևի, մինչև նոր սպառազինությունը հասնի Հայաստան։ Այսինքն՝ պաշտպանվելու ունակությունը կաճի տարիների ընթացքում, բայց պիկին կհասնի մի քանի տարի անց միայն։

Սպառազինություն ձեռք բերելու որոշ որոշումներ կարելի է անվանել ռազմավարական։ Օրինակ, հրետանու մասով արդեն պարզ է, որ Հայաստանն անցնում է ՆԱՏՕ-ի 155 մմ տրամաչափի հրետանու։ Եթե նայենք մեդիայում առկա տվյալները, ապա պատվիրված ֆրանսիական և հնդկական զենքերի հանրագումարը մոտենում է երկու հարյուրի, ինչը այդ կատեգորիայում ամբողջությամբ վերազինում է նշանակում։

Կարծում եմ՝ Հայաստանը շատ ուրիշ զինատեսակների դեպքում էլ է նույն ուղղությամբ շարժվում։

Պետք է հասկանալ, որ հայկական բանակից սպառազինության մասով մնացել էր 20-30, որոշ զինատեսակների դեպքում՝ 50-60 տոկոս։ Սրանք բաց աղբյուրներում եղած թվեր են: Հստակ թվեր չունենք, բայց մեծ կորուստներ են եղել, օրինակ՝ նույն հրետանու մասով։ Նույնիսկ վերազինման փոխարեն կարելի է զինում բառն օգտագործել։ Այս իմաստով վերազինումը երևի ավելի հեշտ է իրագործել, քան եթե պաշարում լինեին խորհրդային զինատեսակներ, և որոշեինք դրանք փոխարինել։

Ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցների ձեռքբերումը

Սա Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ այն քչաթիվ գնումներից է, երբ ձեռք է բերվում եթե ոչ ամենալավը, ապա լավագույն եռյակի մեջ մտնող զենք։ CAESAR-ը օբյեկտիվորեն ամենաքիչ կորուստներն է ունենում Ուկրաինայում։ Սրա հետ համաձայն են նույնիսկ Ռուսաստանի շատ փորձագետներ։ Հրետանիում հնարավորությունների մասով սա մեծ առաջընթաց է, եթե համեմատենք, թե ինչ կար մինչ պատերազմը՝ կրակի կրկնակի երկարություն, թվայնացված համակարգ։

Ադրբեջանն էլ է գնում նույն ճանապարհով։ Նրանց՝ նախկինում ունեցածն էլ է շատ զիջում։ Իսկ եթե հիմայի մասին խոսենք, ապա Ադրբեջանը ևս ձեռք է բերում 155 մմ տրամաչափի զենք, բայց Խորվաթիայից և Սերբիայից։ Ես կարծում եմ, որ դրանք կարելի է համեմատել հնդկական զենքի հետ, բայց կասկածում եմ, որ հասնում են ֆրանսիականին։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել