Քանդված բնագիծ, կապիտուլյացիա և ադրբեջանական զենքի ավար․ «312» դիրքի կռիվը

Հայկ Ղազարյան

ՍիվիլՆեթը շարունակում է գրել 2023-ի սեպտեմբերյան պատերազմի մասին: Այս անգամ ևս անդրադառնալու ենք Ստեփանակերտ – Կարմիր Շուկա գլխավոր ճանապարհի մոտ տեղի ունեցած մարտական գործողություններին, առանձնապես՝ «312» մարտական դիրքին։

Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ճանապարհի երկայնքով մարտական հերթապահություն էին իրականացնում Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) և աշխարհազորի ստորաբաժանումները։ Շոշից մինչև Սարուշեն հատվածը վստահված էր Արցախի 33-րդ աշխարհազորային գումարտակին, իսկ Սարուշենից մինչև Կարմիր Շուկա (312-318 դիրքերը)` Արցախի պաշտպանության բանակի Մարտունու բրիգադի առաջին գումարտակի երկրորդ վաշտին (տե՛ս՝ գլխավոր նկարը, կապույտը՝ ՊԲ երկրորդ վաշտի , դեղինը՝ աշխարհազորի բնագիծը)։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ 33-րդ աշխարհազորային գումարտակի դիրքերի մեծ մասը մարտերի ընթացքում ժամեր անց այլևս հայկական վերահսկողության տակ չէր։ Թեժ էր նաև «312» մարտական դիրքում, որը գտնվում էր աշխարհազորի և ՊԲ ստորաբաժանման կցվանքում (միացման կետ, стык)։

«312» մարտական դիրքի պատմությունը

Պատերազմից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, հարևան «311» դիրքից լսվող կրակոցները սովորական առօրյայի մաս էին դիրքապահների համար:

Սակայն մոտ ժամը 12:00-ին «311»-ից կապ հաստատեցին և զգուշացրեցին, որ իրենց՝ «312»-ի ուղղությամբ զորք է շարժվում։

«Որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ հակառակորդի հետևակը բարձրանում է։ Բլինդաժից բարձրանում ենք խրամատ և դիրքավորվում»,- ասում է «312»-ի ավագ Անդրանիկ Դաշյանը, որը նաև երկրորդ վաշտի կրակի աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատարն էր։

«Միաշարասյուն իրար հետևից գալիս էին։ Նրանք մոտեցան մեր պոստերին, և հրետանին սկսեց աշխատել»,- հիշում է դիրքի ավագի տեղակալ Մարատ Մուսայելյանը։

Դիրքի ավագ Դաշյանը ասում է, որ հարևան 311-ի հետ հետո էլ չէր կարողանում կապ հաստատել։

Դիրքը, ինքնաձիգներից բացի, ուներ ձեռքի նռնականետեր և մեկ խոշոր տրամաչափի գնդացիր («Ուտյոս»)։ Հակառակորդը անընդհատ փորձում էր հասնել գլխավոր ճանապարհին։ Երկրորդ վաշտի հրամանատարը երեք-չորս ժամ անց դիրք ավտոմատ նռնանականետ (АГС) է ուղարկում, քանի որ ադրբեջանական հետևակի քանակը շատ-շատ էր։ «Ուտյոսով» աշխատողը դասակի հրամանատարի տեղակալ Մարատ Մուսայելյանն էր։ Տղաները ասում են, որ փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցիները մեծաթիվ կորուստներ են կրել դիրքի աջ հատվածում՝ չհասած գլխավոր ճանապարհ։

Հակառակորդը հրետանուց բացի՝ «312» դիրքը ճնշում էր նաև դիմացի դիրքից աշխատող հետևակի մարտական մեքենայի կրակով (ՀՄՄ/БМП):

Ադրբեջանցիները փորձել են «311» և «312» դիրքերի արանքով անցնել գլխավոր ճանապարհ։ «312» դիրքի անձնակազմը գլխավոր ճանապարհի մոտ ծանր կորուստներ է պատճառել հակառակորդին։ Հակադիր դիրքից հայերի ուղղությամբ ՀՄՄ-2 էր աշխատում։

Ադրբեջանական որոշ հատուկ ջոկատայինների, այնուամենայնիվ, հաջողվել է անցնել ճանապարհը։

«Նրանք անընդհատ փորձում էին անցնել ասֆալտը։ Օրվա ընթացքում մի 60-70 հոգի հաշվել եմ, դե չես կարող բոլորին գցել, ասֆալտը անցնում էին ու մտնում անտառ»,- ասում է Մարատը։

Այդ իսկ պատճառով դիրքի ավագ Անդրանիկ Դաշյանը մտավախություն ուներ, որ հակառակորդը կարող է հարձակվել թիկունքից․ «Թիկունքում և բլինդաժի մոտ մարդկանց եմ կանգնեցրել։ Ստացվեց շրջանաձև պաշտպանություն»։

Թիկունքից այդպես էլ բացահայտ հարձակում չի եղել, պարզապես մի որոշ ժամանակ կրակոցներ եղան։

Անդրանիկ Դաշյանը երևանյան նոր աշխատավայրում։ Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի։

Մութն ընկնելուց հետո «312» դիրքին օգնության են գալիս Արցախի ԱԱԾ ջոկատայինները։ Դիրքապահների հետ նրանք զննում են տեղանքը և ադրբեջանական զենքի ավար հայտնաբերում։

«Եթե չեմ սխալվում՝ երկու-երեք ԱԹՍ, «Օրսիսներ» և «Սև նետեր» (հեղ․՝ երկուսն էլ դիպուկահարային հրացան) ենք վերցնում։ Բաց հատվածում, որտեղ անտառ չկար, շատ զոհեր են տվել նրանք։ Այդքանը ռուսների միջոցով հետո տարել են»,- ասում է Անդրանիկը:

Պայմանագրայինները վստահ են, որ իրենց վրա հարձակվող զորքը ադրբեջանական զինուժի «Կոմանդո» հատուկ ստորաբաժանումներն էին․ այդ մասին էին վկայում նրանց համազգեստի և տակտիկական սարքավորումների տարբերանշանները։

Ադրբեջանական զենքի ավար «312» դիրքի մոտից։ Զրահաբաճկոնի և դիպուկահար հրացանի քողարկիչ կտորի երանգները ադրբեջանական են։ Սաղավարտը ևս նման է ադրբեջանականին։

Տղաները նաև սեպտեմբերի 20-ին մոտ ժամը 11-ին ականազերծող մեքենա («минный трал») են տեսել դիրքի աջ հատվածում։

«Կռիվը կանգնեց, մի քանի ժամ անց ռուսները եկան բանակցելու։ Էդ ժամանակ էլ էդ տրալը տարել են դիակների հետ մասին։ Այս հատվածում նույնիսկ մեկ ողջ ադրբեջանցի կար, զարմանալի էր, թե ոնց է ողջ մնացել»,- ասում է դիրքի ավագը։

Ըստ Մարատ Մուսայելյանի՝ հիմնական մարտերը եղել են սեպտեմբերի 19-ին՝ մոտ 12:30-ից մինչև մութն ընկնելը։

Հրետակոծության հետևանքով երեկոյան դիրքը զրկվել էր լարային և օպտիկամանրաթելային (IP) կապից։ Սակայն վաշտի ներքին ռադիոկապը պատերազմի ընթացքում չի խափանվել։ Ըստ Մարատ Մուսայելյանի՝ սեպտեմբերի 19-ի լուսաբացին՝ նախքան լայնածավալ պատերազմի սկիզբը, հակառակորդը ծանր հրաձգային զենքով թիրախավորում էր դիրքի մոտ գտնվող IP կապի աշտարակը։ Սակայն այն ժամանակ կապը չէր խափանվել։

«312» դիրքը կորուստներ ու վիրավորներ չի կրել։

Սեպտեմբերի 20-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց ժամը 13:00-ից մարտական գործողությունները ամբողջությամբ դադարեցնելու և փաստացի կապիտուլյացիայի մասին։

Երկրորդ վաշտի պայմանագրայինները դիրքերից դուրս են եկել սեպտեմբերի 22-ի ցերեկը։

***

33-րդ աշխարհազորային գումարտակի մասին կարող եք կարդալ ՍիվիլՆեթի «2023 սեպտեմբեր․ Մարտունու շրջանի և Ասկերանի վերին ենթաշրջանի շրջափակումը» և «Հետքի» «Սարուշեն. դիմադրություն և կորուստ» հոդվածներում։ «312» դիրքից աջ՝ 311-309 դիրքերում մարտական հերթապահություն էր իրականացնում 33-րդ աշխարհազորային գումարտակի Սարուշենի վաշտը։

Երկրորդ վաշտի ձախ թևում մարտական հերթապահություն էր իրականացնում Մարտունու շրջանի բնակչությունից կազմված 31-րդ աշխարհազորային գումարտակը, ինչի մասին կարող եք կարդալ ՍիվիլՆեթի «2023-ի սեպտեմբերի պատերազմն Արցախում․ ինչ էր կատարվում Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածում» հոդվածում։

Մեկնաբանել