Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ Պաղեստինի պետության ճանաչման համար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու համար։ Wafa-ի փոխանցմամբ՝ Աբասը գնահատանքի ուղերձ է հղել հայ գործընկերոջը՝ ասելով, որ Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումն արտահայտում է երկրի արժեքները և նրա ղեկավարության նվիրվածությունը արդարության հասնելու և մարդու իրավունքների հանդեպ։

Պաղեստինի նախագահի խոսքով՝ որոշմամբ հաստատվում է պաղեստինցի ու հայ ժողովուրդներին միավորող բարեկամության և հարգանքի խորությունը:

«Ձեր իմաստուն որոշումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին, առաջընթաց է 1967-ի սահմաններում Պաղեստինի ժողովրդի՝ իրենց հողի իրավունքի ճանաչման, իսրայելական օկուպացիան դադարեցնելու անհրաժեշտության, ինքնավարության ուղղությամբ»,- նշել է Աբասը։

Հայաստանի ԱԳՆ-ը հունիսի 21-ին հայտարարել է, որ Երևանը ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին»:

ՄԱԿ-ի անդամ 144 երկիր մինչ այս պահը ճանաչել էր Պաղեստինի պետությունը։ Հայաստանի բոլոր հարևաններն այն ճանաչել էին նախկինում։ 2024-ին Պաղեստինի պետությունը ճանաչեցին նաև Իսպանիան, Նորվեգիան, Իռլանդիան և Սլովենիան։

Մեկնաբանել