Ադրբեջանը գնել է իտալական C-27J Spartan օդանավ. ինչ է այն

Հայկ Հովհաննիսյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 26-ին Բաքվի օդանավակայանում է ծանոթացել է մատակարարված իտալական C-27J Spartan NG տիպի ռազմատրանսպորտային օդանավի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտնի է, որ Իտալիան Ադրբեջանին վաճառել է C-27J NG տիպի երկու օդանավ: Այս գործարքի մասին իտալական Leonardo ընկերությունը հայտարարել էր 2023-ի օգոստոսին։ Փաստացի, սա այդ պայմանագրի շրջանակում առաջին օդանավի մատարակարարումն է։

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն և երկու երկրների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Օդանավն օդ է բարձրացել իտալական Թուրին քաղաքից, կանգառ կատարել Թուրքիայի Անկարա քաղաքում և հունիսի 24-ին վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկացել է Flightradar24 ծառայությունից:

C-27J NG-ի տեխնիկական նշանակությունը և բնութագիրը

C-27J NG բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռը կարող է օգտագործվել տարատեսական ռազմական խնդիրների և առաջադրանքների կատարման համար՝ ներառյալ բեռների և զորքերի փոխադրում, դեսանտավորում, բժշկական տարհանում և այլն։

Ինքնաթիռը պատվիրատուի ցանկությամբ կարող է հագեցվել օպտիկաէլեկտրոնային հետախուզական սարքավորումներով, ռադիոլոկացիոն ցանցային ռադարով և այլ ժամանակակից համակարգերով։



Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օդանավը կարող է փոխադրել մինչև 11,3 տոննա բեռ կամ 45-60 զինվոր: Օդանավի առավելագույն արագությունը 602 կմ/ժ է, թռիչքի աշխատանքային բարձրությունը՝ 8 300 մետր, իսկ թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5 000-5 800 կիլոմետր:

Իտալիա-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունը

Իտալիան և Ադրբեջանը վերջին տարիներին խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը: Repubblica ամսագրի 2023-ի սեպտեմբերի հրապարակման համաձայն՝ երկու երկրները 2023-ին բանակցում էին 1-2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմատեխնիկական գործարքի շուրջ: Այդ խոշոր գործարքի շրջանակում Ադրբեջանին պետք է մատակարարվեին ուսումնամարտական ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, փոքր դասի սուզանավեր, հրաձգային զենքեր և այլն:

Ադրբեջանը հետաքրքրված է նաև իտալական ուսումնամարտական M-346 և M-346FA ինքնաթիռների ձեռքբերմամբ, որոնք կարող են կիրառվել ինչպես օդաչուների ուսուցման, այնպես էլ մարտական խնդիրների կատարման համար: 2020-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Leonardo ընկերության գլխավոր տնօրենը ստորագրել էին M-346 ինքաթիռների ձեռքբերման համաձայնագիր։ Սիվիլնեթն ավելի վաղ պարզել էր, որ 2023-ի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 1-ն այս երկու տիպի իտալական օդանավերը գտնվել են Ադրբեջանում, ենթադրաբար՝ պատվիրատուի կողմից փորձնական թռիչքների համար, այնուհետև վերադարձել են Իտալիա։

M-346 ուսումնամարտական ինքնաթիռների շուրջ Իտալիայի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են արդեն ավելի քան 10 տարի։ Նախորդ անգամ իտալական Leonardo M-346 ինքնաթիռները ցուցադրության նպատակով Բաքու էին «առաքվել» 2017-ին։

Իտալիան Ադրբեջանի կարևոր գործընկերն է ոչ միայն ռազմական, այլև էներգետիկ ոլորտում: 2023-ին երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 15 միլիարդ դոլար: Իտալիան ադրբեջանական նավթի ու գազի խոշոր սպառողներից է։

Մեկնաբանել