Ադրբեջանցիները ՄԱԿ-ի կենտրոնակայանում եվրոպական գաղութատիրությանը նվիրված համաժողով են կազմակերպել

Այթան Ֆարհադովա, OC Media

Համաժողովին ելույթ է ունենում «Բաքվի նախաձեռնող խմբի» ղեկավար Աբբաս Աբբասովը։ Լուսանկարը՝ Azertac-ի։

Ադրբեջանի կառավարության հետ փոխկապված խումբը Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում եվրոպական գաղութատիրության մասին կոնֆերանս է կազմակերպել: «Բաքվի նախաձեռնող խումբ» անունը կրող նախաձեռնությունը, որն ըստ ամենայնի կապեր ունի Ադրբեջանի կառավարության հետ, համաժողովն անցկացրել է հունիսի 20-ին:

Ադրբեջանի պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ համաժողովին մասնակցել են պաշտոնյաներ և ներկայացուցիչներ Ֆրանսիայի և Նիդեռլանդների գաղութացրած տարածքներից՝ Կորսիկա, Ֆրանսիական Գվիանա, Գուադալուպե, Մարտինիկա, Ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Կալեդոնիա, Սեն Մարտիեն և Բոնեյրե։

«Բաքվի նախաձեռնող խմբի» գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը հայտարարել է, որ նմանօրինակ համաժողովների հիմնական նպատակը գաղութատիրության հետևանքների վրա լույս սփռելն է։ Աբբասովը աշխատել է Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամում՝ որպես արտաքին գործերի և արարողակարգի ծառայության մասնագետ։

2023-ի հուլիսին Բաքվում «Չմիացած երկրների շարժման» կազմակերպված հակագաղութատիրական կոնֆերանսի ժամանակ ստեղծված խումբը գաղութատիրության վերաբերյալ մի շարք կոնֆերանսներ է անցկացրել Ադրբեջանում և այլ երկրներում՝ հիմնականում կենտրոնանալով Ֆրանսիայի վրա:

Մայիսին Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրեց Նոր Կալեդոնիայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավում իր անդրծովյան տարածքում ֆրանսիական տիրապետության դեմ ապստամբներին աջակցելու մեջ, իսկ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ասաց, որ «անվիճելի է», որ «Կալեդոնիայի անկախության կողմնակից որոշ առաջնորդներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ»։

Նոր Կալեդոնիայի բնիկները, որոնք ձգտում են ազատվել ֆրանսիական տիրապետությունից, քննադատում են օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց՝ տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք կստանան մայրցամաքային Ֆրանսիայից վերջերս եկած էմիգրանտները: Բաքվի և Փարիզի միջև հարաբերություններն ավելի են սրվել 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Ֆրանսիան գնալով ավելի շատ է քննադատում Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու միջոցները և մեծացնում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

«Ինչո՞ւ պետք է ազատագրվի Նոր Կալեդոնիան, իսկ Ֆոլքլենդյան կղզիները՝ ոչ»

«Բաքվի նախաձեռնող խմբի» քննադատները դա կապում են Ադրբեջանի և Ֆրանսիայի լարված հարաբերությունների հետ: Պատմաբան և ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլին քննադատել է խմբավորման հակագաղութային նախաձեռնությունները և հայտարարել, որ փոխարենը Ադրբեջանը պետք է անդրադառնա ներքին խնդիրներին։

«Ադրբեջանի բնակչությունն ավելի ծանր պայմաններում է ապրում, քան [Ադրբեջանի նախագահ] Իլհամ Ալիևի «ազատագրած» գաղութներում։ Վստահեցնում եմ, որ գաղութացվածների նվազագույն աշխատավարձն ավելին է, քան ադրբեջանցու աշխատավարձը։ Չգիտեմ, թե ով պետք է ազատագրվի»,- ասել է նա և հավելել, որ «Բաքվի նախաձեռնող խումբը» թափանցիկ չէ իր գործունեության կամ ֆինանսավորման հարցերում։

«Ի՞նչ կարող է անել Ադրբեջանը Ֆրանսիային։ Ոչինչ»,- ասել է նա։

«Համաձայն եմ, գաղութատիրությունը լավ չէ, բայց եթե դեմ ես գաղութատիրությանը, պետք է բոլորին հավասար վերաբերվես։ Եթե ընտրողական մոտեցում ես ցուցաբերում, դա ցույց է տալիս, որ քո նպատակն այդ երկիրը գաղութատիրությունից ազատելը չէ, այլ խառնաշփոթ ստեղծելը։ Ինչո՞ւ պետք է ազատագրվի Նոր Կալեդոնիան, բայց ոչ Ֆոլքլենդյան կղզիները»,- OC Media-ին ասել նա:

Ադրբեջանը Միացյալ Թագավորության հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, քան արևմտյան շատ երկրների։ Բրիտանական էներգետիկ հսկա British Petroleum-ը հսկայական ներդրումներ է կատարել Ադրբեջանի նավթի և գազի ոլորտում:

British Petroleum-ը Ազերի-Չիրագ-Գյունաշլի նավթային հանքավայրում շահագործում է Ադրբեջանի ամենամեծ ծովային նավթադաշտը: Լուսանկարը՝ President.az-ից:

Հասանլին պնդում է, որ կառավարությունը պետք է քննադատի Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությունը Ադրբեջանում, որը «մոտ 200 տարի շարունակ գաղութացված էր Ռուսաստանի կողմից՝ ձուլված, խտրականության ենթարկված»։ Ըստ Հասանլիի՝ ֆրանսիական գաղութատիրության նկատմամբ քննադատությունն ընդհանուր առմամբ քողարկված հարձակում է Արևմուտքի վրա:

«Երբ նրանք քննադատում էին Ֆրանսիային, նրանք քննադատում էին երկրում եվրոպական արժեքները։ Ֆրանսիային ուղղված մարտահրավերը մարտահրավեր է նաև եվրոպական արժեքներին։ Սա նշանակում է, որ ողջ երկիրը դարձել է Իլհամ Ալիևի ամբարտավանության զոհը»,- ասել է Հասանլին։

Մեկնաբանել