Մինչև 2050-ը Հնդկաստանը կլինի աշխարհի խոշորագույն տնտեսությունը․ Նոբելյան կոմիտեի փոխնախագահ

Տեսարան Մումբայից։

Մինչև 2050-ը Հնդկաստանը կլինի աշխարհի ամենամեծ տնտեսությունը, որին կհաջորդեն Չինաստանը և Միացյալ Նահանգները․ այս կարծիքին է Ասլե Տոյեն՝ նորվեգացի միջազգայնագետ, Խաղաղության նոբելյան մրցանակի կոմիտեի նախագահի տեղակալ։

Տոյեն, որը հայտնի է գլոբալ քաղաքականության մասին իր աշխատանքներով, Դելիում կազմակերպված «Դիտարկելով ապագան․ ձևավորվող համաշխարհային կարգը» խորագրով քննարկմանն ասել է, որ մինչև 2050-ը խոշորագույն երեք տնտեսություններին՝ Հնդկաստանին, Չինաստանին և ԱՄՆ-ին, կհաջորդեն Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Բրազիլիան և Ռուսաստանը, հաղորդում է հնդկական Devdiscourse հարթակը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Հնդկաստանը հզորագույն ուժ դարձած կլինի։

«Ինչ տեսակ մեծ տերություն կլինի Հնդկաստանը, արժե հաշվի առնել»,- ասել է Տոյեն՝ ընդգծելով մարտահրավերները, որոնց առերեսվում է աշխարհը, հատկապես՝ կլիմայի գլոբալ փոփոխության հետ կապված։ Ըստ Տոյեի՝ լավագույնը կլինի, եթե Հնդկաստանը ապացուցի իր բարենպաստ ուժ լինելը, որը մեղմում է մարդկության մարտահրավերները և խթանում խաղաղությունը, այլ ոչ թե իր իդեալները պարտադրում է ուրիշներին:

«Դուք պատկերացում չունեք այս երկրի հզորության մասին: Դուք դա կտեսնեք ձեր կյանքի ընթացքում, երբ տարբեր երկրներից բանագնացները գան Դելի աջակցության խնդրանքով: Վեդաների դասերը, այս երկրի տասըհազարամյա քաղաքակրթությունից բխող պատմական փորձն ու մեղմությունը կխթանեն նրա վերելքը»,- ասել է Տոյեն։

Միջոցառումը կազմակերպած Հնդկաստանի վերափոխումների ազգային ինստիտուտի (NITI Aayog) նախկին փոխնախագահ Ռաջիվ Կումարն ընդգծել է զարգացման բոլորովին այլ մոտեցման անհրաժեշտությունը: «Մենք միակ երկիրն ենք համաշխարհային պատմության մեջ, որը երկրաչափական աճին զուգահեռ նվազեցնելու է իր ածխածնի արտանետումները: Նախկինում ոչ ոք դա չի արել: Մենք չենք պատրաստվում հետևել գոյություն ունեցող մոդելներին կամ ընդունել զարգացման այլ մոդել»,- ասել է նա:

Տոյեն, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ասել է, որ դա դիվանագիտության ձախողում էր․ «Արևմուտքը չկարողացավ ճանաչել Ռուսաստանի աշխարհաքաղաքական լեգիտիմ շահերը տարածաշրջանում: Մենք արհամարհեցինք Ռուսաստանի շահերը՝ միաժամանակ բավարար աջակցություն չցուցաբերելով Ուկրաինային Ռուսաստանի անօրինական և լայնածավալ ներխուժման դեմ»։

«Մենք ներգրավվեցինք շատ խոսելու, բայց ոչ բավարար լուրջ դիվանագիտության մեջ: Ռուսները, հավանաբար, զարմացան ուկրաինացիների՝ իրենց երկրի համար պայքարելու վճռականությունից և Արևմուտքի աջակցությունից, բայց այս հակամարտությունը, ի վերջո, կոտրելու է Եվրոպան՝ իրողություն, որը ոչ ոք չի ուզում ընդունել»:

Մեկնաբանել