Միրզոյանը վերահաստատում է՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքել

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին խոսել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին։

«Ադրբեջանի հետ գրեթե վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում»,- ասել է նա։

Միրզոյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում կոնֆլիկտի էջը փակելու և խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ըստ նրա՝ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին տեղեկացրել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների 10-րդ փաթեթը։ Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ այն «բավականաչափ հասունացած է ստորագրման համար»։ Հայկական կողմի առաջարկն անպատասխան է մնացել։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ժամանակն է կյանքի կոչելու երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունները։

«Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչելու այդ համաձայնությունները»,- նշել է Միրզոյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։ 2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Մեկնաբանել