Կառավարությունը 1,7 մլրդ դրամ ուղղեց լուծարվող ANIF-ի պարտավորությունների ու ծախսերի համար

Կառավարությունը հունիսի 27-ին որոշեց 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը։ Համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց ներառված էր կառավարության նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ այդ գումարն ուղղվում է ANIF-ի «պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար»։ Այս ամենը կատարվում է ANIF-ի լուծարման ֆոնին, որի որոշումը կայացվել է այս տարվա մարտին, իսկ մայիսի 23-ին կառավարությունը որոշեց մինչ ֆոնդի լուծարումը դրա կառավարումը հանձնել պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նշված 1,7 միլիարդ դրամը կառավարությունը որոշել է հայթայթել ANIF-ի դուստր ձեռնարկությունից՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից։ Կառավարության որոշումից, դրա հիմնավորումներից պարզ չի դառնում, թե որքա՞ն է ANIF-ի պարտավորությունների ընդհանուր ծավալն ու ինչ գծով են այդ պարտավորությունները։

Հունիսի 14-ին Սիվիլնեթը ANIF պարտավորությունների մասին հարց էր տվել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը խուսափել էր պատասխանել հարցին։ Ֆոնդի կատարած մի շարք ներդրումներ ձախողվել են կամ կասկածելի ապագա ունեն։ ANIF-ի ամենամեծ ներդրումներից մեկը Fly Arna ազգային ավիափոխադրողի ստեղծումն էր։ Տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ այս ծրագիրը ձախողվել է, մինչ այդ էլ ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները, լիցենզիան էլ կասեցվել էր։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։

Մեկ այլ խոշոր ներդրում ANIF-ն իրականացնում էր արաբական «Մասդար» ընկերության հետ՝ Թալինի Դաշտադեմ գյուղում արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով։ Ազատություն ռադիոկայանը մարտին գրել էր, որ էլեկտրակայանի կառուցումը սկսված չէ, Դաշտադեմի վարչական ղեկավարն էլ տեղեկացրել էր՝ տարածքը ցանկապատված է, բայց շինարարություն չի սկսվել, թեպետ ըստ ժամկետների՝ այն պետք է վաղուց մեկնարկած լիներ։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ «Մասդար»-ի ծրագրի ուղղությամբ կա որոշակի դրական տեղաշարժ։

Քննչական կոմիտեում ANIF-ի գործունեության մասով քննվում է քրեական վարույթ, բայց դրանով մեղադրյալներ դեռ չկան։

Մեկնաբանել