Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի

Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։

ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել