ԵՄ անդամակցության սցենարով պլանավորում չենք անում․ ֆինանսների նախարար

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ծավալուն հարցազրույց է ունեցել ՍիվիլՆեթի հետ։ Հարցազրույցից որոշ հատվածներ առանձնացրել ենք ստորև։

Ֆինանսների նախարարությունը ԵՄ անդամակցության սցենարով պլանավորում չի անում

Հայաստանում ամենաբարձր մակարդակում խոսվում է ԵՄ-ին ինտեգրվելու մտադրությունների մասին, ինչը կենթադրի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։ Հարցին՝ արդյոք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է նման սթրեսի, Վահե Հովհաննսիյանը պատասխանել է․

«Կարծում եմ, որ դա տևական գործընթաց է՝ նաև հաշվի առնելով այն, որ այդտեղ որոշակի կարգավորումների և օրենքների սինխրոնիզացիա պետք է տեղի ունենա, որը կարող է ժամանակ տևել։ Այս պահին նման սցենարով պլանավորում անել ես չէի ուզի, և մենք չենք անում էդպիսի սցենարով պլանավորում։ Թեև ադպիսի սցենար մենք դիտարկել ենք, գիտենք՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Բայց ես դա շատ հավանական չեմ համարում այս պահին»։

Սպասվում է 100 մլրդ դրամից ավելի բյուջեի եկամուտների թերակատարում

Տնտեսական բարձր աճի ֆոնին 2024-ին Հայաստանն այդուհանդերձ ունի հարկային եկամուտների թերակատարման ռիսկ։

«[Հարկային եկամուտների հավաքագրումը] Թերակատարվում են 2023-ի երրորդ եռամսյակում կամ չորրոդ եռամսյակի սկզբում կատարված պլանի նկատմամբ, որովհետև մենք բյուջեն հաստատել և ձևավորել ենք այդ ժամանակաշրջանում։ 2024-ի պլանը հիմնված է 2023-ի վրա։ Այսինքն՝ կախված նրանից, թե 2023-ին ինչ արդյունքներ ենք ունենալու, 2024-ի պլանը համապատախանաբար պետք է ճշգրտվի»։

Հովհաննիսյանը կանխատեսում է, որ 2024-ին հավանաբար կունենանք 100 մլրդ դրամից մի փոքր ավելի թերակատարում այդ պլանի նկատմամբ։ Նախարարը սա բացատրում է նրանով, որ աճ են արձանագրում որոշ չափով ոչ հարկունակ ոլորտները։ Ըստ նրա՝ տնտեսության աճի և հարկերի հավաքագրման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հարկերի հավաքագրումը տնտեսության աճին զուգընթաց է գնում։

Ոչ հարկունակ ոլորտներն են աճել

Ոչ հարկունակ կամ հարկունակության խնդիր ունեցող ոլորտները, որոնց թվում են ոսկերչությունն ու շինարարությունը, աճել են։ Ըստ նախարարի՝ շինարարության ոլորտն ունի լագային էֆեկտ։

«Հիմա մենք բումի մեջ ենք, ակտիվ շինարարություն է, բայց ոլորտը հարկեր չի վճարում, ընդհակառակը՝ հարկերը հետ է վերցնում։ Քանի որ գնումներ է իրականացնում ԱԱՀ-ով, հիմա հետ է ստանում դեբետները, վճարված ԱԱՀ-ն հետ է վերցնում և հետո նոր, երբ շենքերը վերջանան կառուցվեն, այն ժամանակ հարկը վճարվում է։ Այստեղ մենք որոշակի ժամանակային շեղում ունենք հարկերի և ոլորտի բուն զարգացման միջև»։

Նախարարի խոսքով՝ ոսկերչության ոլորտն անցած ամիսներին կտրուկ աճել էր ռուսական ոսկու վերարտահանման հաշվին:

«Հայաստանում կա ոսկերչական ոլորտ, որը գնում է ոսկին, սարքում է զարդ, այդ զարդի վրա ինչ-որ աշխատանք է կատարում, ինչ-որ հավելյալ արժեք է ստեղծում: Հիմա, երբ որ մենք տեսնում ենք, որ մեծ ծավալի ոսկի է մտնում Հայաստան և դուրս է գալիս, և ինչ-որ վերամշակում է անցնում, մենք այդ ոսկու նկատմամբ կիրառում ենք այն մեթոդը, որը նախկինում կիրառել ենք մյուս զարդերի նկատմամբ […]: Այստեղ որոշակի վիճակագրական շեղումներ են տեղի ունենում, դա է պատճառը, որ ՀՆԱ-ի թվերը տնտեսական ակտիվության ցուցանիշից էականորեն տարբվերվում են»։

Ոսկու վերարտահանման հոսքը դանդաղել է, այն այլևս Հայաստանով չի գնում

Ռուսաստանից ոսկու հոսքն այևս Հայաստանով չի գնում։ Պատճառը վարչարարական է և կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ։

«Ռուսաստանում կար արտահանման տուրք, որը նպաստել էր նրան, որ ոսկու հոսքը գնում է Հայաստանով։ Ռուսաստանն այդ արտահանման տուրքը հանել է, և այսուհետև այդ հոսքն այլևս Հայաստանով չի գնում, այլ գնում է ուղիղ»։

Բյուջեի սեկվեստրի կարիք չկա

Նախարարը խոսել է նաև բյուջեի ծախսերի վերանայման և կրճատման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ վերջին երեք տարիներին Հայաստանի եկամուտները շատ արագ են աճել, և բազմաթիվ ուղղություններով լավ նախաձեռնություններ են սկսվել։ Նրա խոսքով՝ ժամանակն է հետ նայելու և տեսնելու, թե որոնք արժե շարունակել, որոնք՝ վերանայել։

«Սեկվեստրի կարիք մենք չենք տեսնում, որովհետև դա փոքր տոկոսն է մեր բյուջեի, մեր հավաքվող հարկերի։ Եվ ավանդաբար մենք ունենք որոշակի թերակատարումներ, և եթե, օրինակ, մենք 3 տոկոսի թերակատարում ունենանք, դրա մասը կփակվի, ինչն էլ սովորաբար լինում է։ Ես կարծում եմ, որ սա մեզ համար լավ առիթ է անդրադառնալու ոչ արդյունավետ ծախսերին և հասկանալու՝ արդյոք կան տեղեր, որտեղ մենք պետք է մեր քաղաքականությունների վերանայում անենք»։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել