Երևանում չկատարված ստորգետնյա և վերգետնյա խոստումները

Անի Գրիգորյան, #CivilnNetCheck

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի արդեն նախկին պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը 2023-ի օգոստոսին հայտարարել էր, որ մեկնարկել են Երևանում առաջին վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքները։

Նա կցել էր քարտեզ, ըստ որի՝ վերգետնյա ավտոկայանատեղին նախատեսվում էր կառուցել Տիգրան Մեծ պողոտայում դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճեմուղու աջակողմյան հատվածում։

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի մեկնարկից օրեր առաջ արված Գրիգորյանի հայտարարության մեջ նշվում էր, թե վերգետնյա ավտոկայանատեղիի էսքիզային տարբերակները «առաջիկա ամսվա ընթացքում կներկայացվեն մայրաքաղաքցիներին»:

Վերգետնյա ավտոկայանատեղի կառուցելու խոստում տրվել էր դեռ 2018-ին

«Իմ քայլը» դաշինքը դեռ 2018-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրում խոստանում էր երթևեկության բեռնաթափման նպատակով կառուցել վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։

Այս խոստումը, սակայն, և՛ ստորգետնյա, և՛ վերգետնյա ավտոկայանատեղիների մասով, մինչ օրս չի կատարվել:

2023-ի ընտրություններում արդեն «Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական ծրագրում այս կետը չէր ներառել։ Սակայն, փաստացի, Խորեն Գրիգորյանը նախընտրական շրջանի մեկնարկից առաջ հայտարարել էր, թե սկսվել են ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների նախագծման աշխատանքները։

Տեղը դեռ չի ընտրվել, էսքիզներն էլ չկան

#CivilNetCheck-ը հետաքրքրվեց քաղաքապետարանից՝ արդյոք քաղաքային իշխանությունը հրաժարվե՞լ է այս խոստումից, որն ուղղված էր Երևանի երթևեկության ծանրաբեռնվածության նվազմանը։

Քաղաքապետարանից պատասխանեցին, թե վերգետնյա առաջին ավտոկայանատեղիի վերաբերյալ հայտարարությունը վերաբերել է նախաձեռնությանը, որը Երևանի քաղաքապետարանը «մտադիր է» կյանքի կոչել:

«Գաղափարի իրականացումը դիտարկվում է համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում: Այժմ ակտիվ քննարկումներ են իրականացվում երթևեկության ակտիվության և մի շարք այլ գործոններով պայմանավորված վայրի ընտրության վերաբերյալ»,- պատասխանել են քաղաքապետարանից։

Քաղաքապետարանը մեկնարկի կոնկրետ ժամկետ չեն նախանշում, ասում է՝ այս պահին հնարավոր չէ:

Այսպիսով, Երևանի քաղաքային իշխանությունների խոստումը՝ վերգետնյա ավտոկայանատեղի կառուցելու վերաբերյալ, չի իրագործվել՝ թեև նախկին պաշտոնյան հայտնել էր, թե «տեղն ընտրվել է, ու շուտով կներկայացվեն էսքիզները»։

Մեկնաբանել