Վաշինգտոնը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև․ Օ’Բրայեն

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների մակարդակով գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վաշինգտոնում։ Այդ մասին հունիսի 28-ին Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, փոխանցում է Report.az-ը։

«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կմասնակցեն 30 գործընկեր երկրներ»,- նշել է նա։

Օ’Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։

«Հույս ունեմ, որ արտաքին գործերի նախարարները հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորություն կգտնեն։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք նրանց ընդունել, բայց կան բազմաթիվ հաղորդակցության ուղիներ, և երկու կողմերն էլ շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում»,- ասել է պետքարտուղարի օգնականը։

Ջեյմս Օ’Բրայենը նաև անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին՝ նշելով, որ «ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի»։

«Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ։ Սա ցուցիչ է, որ փոխվստահության խնդիր կա, ինչը հասկանալի է, քանի որ 30-ամյա հակամարտություն է եղել»,- ասել է նա։

Մեկնաբանել