Հնդկական MR-SAM ՀՕՊ համակարգ գնելու Հայաստանի հետաքրքրությունը և իսրայելական գործոնը

Էդուարդ Առաքելյան

Վերջերս հնդկական Indian Defense Research Wing (idrw.org) աղբյուրը հայտնեց, որ Հայաստանը տեխնիկական գնահատման է ենթարկում հնդկական MR-SAM և Akash-NG հակաօդային պաշտպանության համակարգերը՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են հայկական բանակի պահանջներին: Ըստ հոդվածագրին այս գնահատականների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի գնման համար։ Հնդկական աղբյուրի համաձայն՝ MR-SAM միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը Հայաստանի համար շատ առումներով նախընտրելի տարբերակ է։ Արդեն 2023-ի սկզբին տեղեկություն կար, որ Հայաստանը Հնդկաստանից MR-SAM ՀՕՊ համակարգը գնելու հայտ է ներկայացրել, և հնդիկները ձգտում են Հայաստանի կողմից հնդկական ՀՕՊ համակարգեր գնելու թեման արդիական պահել։

MR-SAM-ը (medium-range surface-to-air missile, միջին հեռահարության երկիր-երկինք հրթիռ), որը հայտնի է նաև որպես Abhra, չնայած հնդկական արտադրության գրեթե ամբողջական տեղայնացմանը, այնուամենայնիվ, DRDO (Հնդկաստան) կազմակերպության և Իսրայելի պաշտպանական արդյունաբերության առաջատար IAI-ի (Israel Aerospace Industries) մեջ մտնող ձեռնարկությունների համատեղ արտադրանքը և իսրայելական Barak-8 ՀՕՊ համակարգի ամբողջական կրկնօրինակն է։ IAI-ը Ադրբեջանի երկարամյա պաշտպանական գործընկերն է։ MR-SAM համակարգի ծրագրում հրթիռային մասի ստեղծմանը մասնակցել է իսրայելական Rafael ընկերությունը՝ Ադրբեջանի ևս մեկ երկարամյա պաշտպանական գործընկեր։

2024-ի մարտին IAI-ը ստեղծեց դուստր ձեռնարկություն՝ AeroSpace Services India (ASI), և բացեց նոր գրասենյակ Նյու Դելիում: Սպասարկման կենտրոնը պատրաստ կլինի մինչև 2024-ի վերջը և հիմնականում կզբաղվի հնդկական բանակում առկա MR-SAM զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) սպասարկմամբ և վերանորոգմամբ։

2016-ի դրությամբ IAI-ն Ադրբեջան է արտահանել Barak-8 ԶՀՀ երկու մարտկոց (ենթադրաբար՝ 12 հրթիռային կայանք՝ տեղադրված բելառուսական արտադրության МЗКТ ВолатАвто քարշակների վրա)՝ EL/M-2084 ռադարներով և մոտ 150 հրթիռներով: Հավելենք, որ IAI ընկերություն Ադրբեջանին մատակարարել է շատ ավելի էական զինամթերք՝ Lora օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, որոնք 2020-2023 թվականներին ադրբեջանական բանակը ակտիվ օգտագործել է Արցախի դեմ:

Ադրբեջանն ու Իսրայելը կապված են դաշինքով, որի հիմնական նպատակներն են Ադրբեջանի տարածքով ապահովել իսրայելական օպերատիվ կարողությունները տարածաշրջանում և ադրբեջանական նավթի կայուն մատակարարումները Իսրայել։ Ադրբեջանը նաև իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի մշտական ​​հաճախորդն է։ Իսրայելի ռազմարդյունաբերության որոշ պրոդուկտների համար Ադրբեջանն արտասահմանյան առաջին գնորդն էր։

Իսրայելի, մասնավորապես՝ IAI-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունն այնքան սերտ է, որ վերջերս՝ 2023-ի նոյեմբերին, IAI-ը խոշոր պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ Barak սերիայի բարելավված տարբերակի՝ Barak MX ԶՀՀ մատակարարման համար: Այս առումով, եթե Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ համատեղ ստեղծված հնդկական արտադրանքով, կարող են առաջանալ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվի Հնդկաստանը՝ մոտենալով առավելագույն զգուշությամբ։

Իսրայելը Հնդկաստանի երեք հուսալի մատակարարներից և ռազմատեխնիկական խոշոր գործընկերներից մեկն է։ Իսրայելն օգնեց Հնդկաստանին զենքի և որոշ խիստ կարևոր պաշտպանական տեխնոլոգիաների փոխանցման հարցում 1999-ի հնդկա-պակիստանյան սահմանային հակամարտությունից՝ Կարգիլյան պատերազմից հետո: Եթե հավատանք արաբական և ​​իրանական մի շարք պետական լրատվամիջոցների, ապա Հնդկաստանն այժմ օգնում է Իսրայելին հաուբիցային արկերով և մի շարք այլ զենքերով Համասի և Հեզբոլլահի դեմ պատերազմում:

Հնդիկները Իսրայելի հետ հարաբերությունների հարցին կմոտենան սեփական շահերից ելնելով՝ չվնասելով բարեկամական գործընկերությունը։ Հնդիկ որոշ ռազմական փորձագետներ պնդում են, որ Հնդկաստանը կախված չէ Իսրայելից՝ այդ ԶՀՀ-երի արտահանումն իրականացնելու համար, և հնարավոր է, որ Իսրայելի թույլտվությունը չպահանջվի Հայաստան մատակարարելու դեպքում։

Բայց այստեղ կծագի Հնդկաստանի նկատմամբ վստահության հարցը իսրայելցի գործընկերների կողմից, որոնք ամուր կապված են ադրբեջանական շահերի հետ։

Եթե ​​Իսրայելը դեմ լինի Հայաստանին Barak-8 ՀՕՊ համակարգի անալոգներ մատակարարելուն, ապա Հնդկաստանը, չվնասելով Իսրայելի հետ իր հարաբերությունները, հավանաբար կշարունակի Հայաստանին որպես այլընտրանք առաջարկել սեփական արտադրության Akash NG ԶՀՀ-երը: Դա տրամաբանական է ընկալվում՝ հաշվի առնելով, որ, ըստ հնդկական լրատվամիջոցների, Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S ՀՕՊ համակարգեր։

Akash 1S տարբերակը, ըստ հնդիկ մի շարք ռազմական փորձագետների և ինտերնետային ռեսուրսների, որոնք հաճախ հակասում են միմյանց, կարող է գործել օդային թիրախների դեմ մինչև 30 կմ հեռավորության վրա (ըստ այլ աղբյուրների՝ 20-25 կմ) և մինչև 18 կմ բարձրության վրա (այլ տվյալներով՝ 15 կմ)։ Ռադիո-լոկացիոն կայանը թույլ է տալիս հայտնաբերել մինչև 64 թիրախ, և մեկ մարտկոցը կարող է միաժամանակ արձակել մինչև 12 հրթիռ։ Արձակման կայանքը կրում է զենիթային կառավարվող երեք հրթիռ (SAM), իսկ մեկ մարտկոցը բաղկացած է չորս արձակման կայանքներից և օժանդակ այլ սարքավորումներից։ Akash հակաօդային պաշտպանության համակարգի ավելի ամբողջական պատկերը ներկայացված է այստեղ։

Ակնկալվում է, որ հայկական բանակի համար այս ՀՕՊ համակարգերի արձակման կայանքները կլինեն ամբողջական շասիի վրա, հնարավոր է՝ Tatra 815՝ 8×8 անիվների դասավորությամբ, այլ ոչ թե կիսակցորդով, ինչպես օգտագործվում է հնդկական բանակում։ Այս տարբերակն ավելի լավ շարժունակություն ունի և ունի ավելի փոքր չափսեր, քան կիսակցորդով կամ թրթուրավոր շասսիով տարբերակները, որոնք ներկայացվել են 2000-ականների սկզբին՝ նախագծի մշակման ժամանակ:

Անկասկած, շեշտը պետք է դրվի զենիթային մարտկոցների շարժունակության վրա, հատկապես այն պայմաններում, երբ մեծ թվով թշնամական հարձակողական և հետախուզական, «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերը կարող են լինել մեկ մարտկոցի տիրույթում՝ քանակապես գերազանցելով մարտկոցի գործարկման պատրաստ 12 հրթիռը։

Էական նշանակություն ունի նաև ձեռք բերված ՀՕՊ համակարգերի քանակը, որոնք անհրաժեշտ են պահպանվող օդային տարածքի ծածկույթի բավարար խտություն ապահովելու համար։ Օրինակ, հնդկական բանակում Akash ԶՀՀ մեկ գունդը կազմված է վեց մարտկոցից՝ 24 արձակող կայանքով:

2020-ի պատերազմի ժամանակ՝ մարտերի առաջին օրերին, բարձր ճշգրտության հարվածներով Արցախի պաշտպանության բանակի մեծ թվով ինքնագնաց և ստացիոնար ՀՕՊ համակարգերի խոցումից հետո զգացվել է Тор М2 ՀՕՊ քանակի անբավարարությունը, որի հետևանքով հակաօդային պաշտպանությունում առաջացել են բացեր, ինչից օգտվել է ադրբեջանական ռմբակոծիչ ավիացիան։

Akash սերիայի ԶՀՀ-ի հիմնական բացերից մեկը մարտական ​​պայմաններում փորձարկված չլինելն է՝ ի տարբերություն, օրինակ, ռուսական Тор М2 ՀՕՊ համակարգերի։ Վերջիններիս առավելություններն ու թերությունները նկատվել են 2020-ի պատերազմում։

Akash-ը բազմիցս օգտագործվել է հնդկական ՀՕՊ զորքերի տարբեր զորավարժությունների ժամանակ՝ կրակելով տարբեր թիրախների, այդ թվում՝ արագընթացների, սակայն դա չի կարելի համարել մարտական ​​կիրառություն։ Հնարավոր է, որ Akash-ի առաջին մարտական ​​կիրառումը տեղի ունենա, երբ այն արդեն ներդրված լինի հայկական բանակում։

Ի տարբերություն Akash 1S-ի, Akash NG (նոր սերնդի) ԶՀՀ-ն, որի նկատմամբ, ըստ հնդկական լրատվամիջոցների, Հայաստանը ցուցաբերում է հետաքրքրվածություն, ունի բոլորովին նոր արձակման կայանք՝ կոնտեյներում վեց զենիթային հրթիռով և մինչև 50 կմ (այլ տվյալներով՝ 70 կմ) թիրախային հարվածի հեռահարություն։ Ստեղծման ժամանակ հաշվի են առել հնդկա-իսրայելական MR SAM ծրագրում կիրառվող ինժեներական լուծումները, մասնավորապես հրթիռային շարժիչների տեխնոլոգիաները:

2024-ի հունվարին Հնդկաստանն իրականացրել է Akash NG-ի հերթական փորձարկումը, և հաջող արձակման արդյունքում ոչնչացվել է արագընթաց անօդաչու թիրախ։ Փորձարկումները հաստատել են համակարգի լիակատար պատրաստականությունը օդային տարբեր օբյեկտներ որսալու համար, ինչը թույլ կտա DRDO ընկերությանը համակարգը հասցնել զանգվածային արտադրության։

Իհարկե, եթե այս պահին համեմատենք Akash NG-ն ու MR SAM-ը, ապա Հայաստանի ընտրությունը հօգուտ MR SAM-ի ակնհայտ է։ MR SAM-ը օգտագործում է իսրայելական Barak-8 հրթիռների անալոգները, հաստատվել է մինչև 70 կմ հեռավորության վրա արագընթաց թիրախներ և անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու ունակությունը, ունի կայացած արտադրական հոսքագիծ:

Սակայն Հայաստանի՝ MR SAM ձեռք բերելու ցանկությունը և Հնդկաստանի՝ վաճառելու պատրաստակամությունը կարող են բավարար չլինել: Չնայած իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության գործադիր տնօրենը ժամանակին ասել էր, որ իրենց խնդիրը ոչ միայն Հնդկաստանում հրթիռներ արտադրելն է, այլև դրանք արտահանելը, Հայաստանի դեպքում ինքնաբերաբար կարող են առաջանալ քաղաքական և ոչ քաղաքական բազմաթիվ խոչընդոտներ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի հետ կապված նման խոչընդոտների ստեղծման համար՝ ի լրումն ադրբեջանական շահերը հաշվի առնելը, Իսրայելը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը. Իսրայելի վարչապետի խորհրդականը սպառնում է երկարաժամկետ, լուրջ հետևանքներով Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների համար։

Հայաստանին MR-SAM ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցում շատ բան կախված է Իսրայելի դիրքորոշումից։ Հարցեր կարող են առաջանալ, թե ինչու Հայաստանը Ֆրանսիայից ՀՕՊ չի գնում։ Հավանական է, որ Ֆրանսիայի արտադրական հզորությունը և արտադրության արագությունը այնքան բարձր չեն, որքան Հնդկաստանում, և Ֆրանսիայից ՀՕՊ նոր համակարգերի մատակարարմանը պետք է սպասել լավագույն դեպքում հինգ, տասը տարի, հնարավոր է՝ ավելի երկար: Այստեղ չպետք է մոռանալ ՀՕՊ համակարգերի Ուկրաինայի ներկայիս կարիքների մասին։

Էդուարդ Առաքելյանը Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ է։

Մեկնաբանել