ԵԽԽՎ նոր զեկույցը. տարածված հայտարարությունների հետքերով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ներքին գործերի նախարարությունը hունիսի 28-ին հրապարակում է տարածել ՝ հայտնելով, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բարձր է գնահատել Հայաստանում ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը։

Հրապարակման մեջ նշվում է, որ խոսքը «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևի մասին է։

Զեկույցում տեղ գտած քննադատությունները ոստիկանության վերաբերյալ

ԵԽԽՎ-ի հունիսի 26-ի լիագումար նիստում «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ ներկայացվեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը։

Հենց այս զեկույցում անդրադարձ կա Հայաստանի ոստիկանության բարեփոխումներին։ Զեկույցում իսկապես դրական է գնահատվում ոստիկանության բարեփոխումների գործընթացը, մինչդեռ հանձնաժողովը շեշտել է նաև ոստիկանության գործունեության որոշակի խնդրահարույց կետերը, ինչը չի հայտնվել ՆԳՆ-ի հրապարակման մեջ։

Զեկույցում հղում է արվում դեռևս 2021-ին հրապարակված Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցին, որում առավել մանրամասն անդրադարձ էր եղել ոստիկանության գործողություններին։

Նշվում է, որ դեռևս այն ժամանակ, հաշվի առնելով մի շարք վկայություններ, կոչ էր արվել Հայաստանի իշխանություններին իրազեկել ոստիկանության ծառայողներին, որ ուժ կիրառելիս չպետք է կիրառվի ավելին, քան անհրաժեշտ է, և որ ձերբակալվածներին վերահսկողության տակ վերցնելուց հետո նրանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացում ունենալ:

«Բացի այդ, ոստիկանները պետք է ավելի լավ պատրաստված լինեն՝ կանխելու և նվազագույնի հասցնելու բռնությունը ձերբակալություն իրականացնելու ժամանակ։ Այն դեպքերում, երբ ուժի կիրառումը դառնում է անհրաժեշտ, նրանք պետք է կարողանան օգտագործել մասնագիտական ​​մեթոդներ, որոնք հնարավորինս նվազագույնի են հասցնում ձերբակալվող ​​անձանց վնաս պատճառելու վտանգը»,- նշված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են նաև վերջին երկու տարում Հայաստանի ոստիկանության գործողությունները տեղի ունեցած գործընթացների, ցույցերի ու բողոքի ակցիաների ու դրանց հաջորդած իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև խոսել տարբեր ուժերի կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

«Դատելով գնահատականներրի բազմությունից՝ երբեմն բռնի բողոքի ակցիաներին ի պատասխան ոստիկանության ուժի կիրառման համաչափության գնահատումը չափազանց նուրբ է»,- նշում են զեկույցի հեղինակները։

Ո՞ր դեպքում է ԵԽԽՎ-ն խնդրահարույց համարում հավաքներին նյութապես խրախուսելը

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն էլ ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել։

Չալաբյանի գրառումը տարածել էին asekose.am-ը, past.am-ը, news.am-ը, verelq.am-ը, orer.am-ը և այլ կայքեր։

Ի՞նչ է ասում ԵԽԽՎ-ի զեկույցը հավաքների վերաբերյալ

Մշտադիտարկման հանձնաժողովի զեկույցի՝ «Խաղաղ հավաքների իրավունք» ենթավերնագրի 104-րդ կետում իսկապես նշում է, որ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չպետք է քրեականացվի։

Զեկույցում, մասնավորապես, ասվում է․ «Նման դատապարտումը կարող է զսպող ազդեցություն ունենալ մարդկանց հավաքներ կազմակերպելու ցանկության վրա, իսկ օրենքի կիրառման ժամանակ կամայականությունների ռիսկը մեծ է»։

Ավետիկ Չալաբյանն իր գրառման մեջ նաև նշել էր, որ զեկույցն անդրադարձել է իր հանդեպ հարուցված քրեական գործին։

Ավետիկ Չալաբյանը ձերբակալվել էր 2022-ի մայիսի 12-ին՝ քաղաքական ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով։

«Զեկույցում արդարացիորեն խորը մտահոգություն է հայտնվում առ այն, որ ՀՀ գործող իշխանությունները ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործվել են ինձ քաղաքականապես պատժելու նպատակով, փաստացի չունենալով դրա համար բավարար իրավական հիմք»,- գրել էր Չալաբյանը։

Ինչ վերաբերում է Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքին, ապա ԵԽԽՎ-ն 103 կետում նշվում է, որ ըստ երևույթին, ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (զեկույցում սխալմամբ նշվել է 136-րդ հոդվածը) դրույթներն օգտագործվել են Ավետիք Չալաբյանին դատապարտելու համար՝ 2022 թվականի ցույցերին ուսանողներին մասնակցելու նպատակով «նյութապես շահագրգռելու համար։ «Պարոն Չալաբյանը զրկվել է հանրահավաքներ կազմակերպելու իրավունքից, ինչպես նաև մասնակցել այլ հասարակական միջոցառումների կամ հավաքների…»,- նշված է զեկույցում։

Առհասարակ, ԵԽԽՎ-ն առավել խիստ է վերաբերվում նախընտրական քարոզարշավի ընթացքում նյութական խրախուսումներին։ Զեկույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու պրակտիկան չպետք է իրավական կարգավորման առարկա լինի, քանի դեռ նման խրախուսումների տրամադրումը չի հակասում ընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին:

Էկրանապատկերը՝ ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի զեկույցից

ԵԽԽՎ զեկույցում այս դեպքի վերաբերյալ նշվում է, որ բողոքի ակցիաները կապված չեն եղել որևէ ընտրական քարոզարշավի հետ, չնայած, որ հանրահավաքների պահանջը Փաշինյանի հրաժարական է եղել ենթադրյալ հանցագործությունը չի վերաբերում ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտմանը։

Այսպիսով, ԵԽԽՎ զեկույցն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը, բայց զեկույցում նաև քննադատական կետեր կան։ ԵԽԽՎ-ն գտնում է, որ հավաքներին նյութապես խրախուսելը չպետք է քրեականացվի այն դեպքում, երբ կապված չէ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների հետ։

Մեկնաբանել