Մակրոնի քաղաքական ուժը պարտվել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

Հունիսի 20-ին Ֆրանսիայում տեղի է ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունն է, որը հավաքել է ձայների 34 տոկոսը: Երկրորդ տեղում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,1 տոկոսով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Միասին» քաղաքական ուժը ստացել է քվեների 20,3 տոկոսը և երրորդ տեղում է։

BBC-ն գրում է, որ առաջին փուլից հետո յուրաքանչյուր ընտրատարածքում երկու առաջատար թեկնածուներ անցնում են երկրորդ փուլ, իսկ որոշ դեպքերում նաև երրորդ թեկնածուն:

Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին․ «Հաջորդ կիրակի՝ երկրորդ փուլից հետո, Ֆրանսիան կիմանա իր հաջորդ խորհրդարանի կազմը և կստանա գլխավոր հարցի պատասխանը՝ «Ազգային միավորումը» տպավորիչ պատմական հաղթանակ տարա՞վ: Ներկայիս միտումների պահպանման դեպքում Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար երկրներից մեկը, կարող է գլխավորել աջակողմյան պոպուլիստների կառավարությունը»,- գրում է կայքը։

«Ժողովրդավարությունն ասել է իր խոսքը, և ֆրանսիացիներն առաջին տեղում են դրել «Ազգային միավորումը» ու նրա դաշնակիցներին՝ փաստացի ոչնչացնելով Մակրոնի ճամբարը»,- հայտարարել Է Մարին Լե Պենը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև:

Ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն հայտարարել է, որ իր թեկնածուներին կհեռացնի այն տեղամասերից, որտեղ

նրանք երրորդն են լինելու, որպեսզի ձայները չփոշիանան և թույլ չտան ծայրահեղ աջերին գալ իշխանության: Թեկնածուների նկատմամբ նույն մարտավարությունը կիրառելու է նաև Մակրոնի դաշինքը, ասել է վարչապետ Գաբրիել Աթալը։ Նպատակը նույն է՝ «կանգնեցնել ծայրահեղ աջերին»։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներն ամփոփելիս՝ հունիսի 9-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրությունների գնում։ Ֆրանսիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը ՍիվիլՆեթի հետ զրույցում վերլուծել է քաղաքագետ Տիգրան Եկավյանը։

Մեկնաբանել