Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։

«Վերջերս մենք ականատես եղանք ԱԺ լսումների։ Տեսեք, հիմնական գաղափարը որն է, ասում են՝ եկեք հանրաքվե անենք, հնարավորություն տանք, որ ժողովուրդն աջակցի այս գաղափարին։ Ես ինքս Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Կներեք, եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ես նման հայտարարություն չէի անի։ Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այս գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո։ Հիմա խնդիրն ինչում է՝ անել հանրաքվե, որ պարզենք ժողովրդի կարծի՞քը, կներեք, ես որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»,- հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունի հարցի պատասխանը՝ Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին, թե ոչ։

«Այսօր մենք եթե անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ։ Երբ որ մենք գնանք քարոզարշավի, քաղաքացիները մեզ տալու են հարցեր՝ ինչպե՞ս, ե՞րբ, Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։ Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ տեղի են ունենում գործընթացներ, մենք այդ գործընթացները պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

***

2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի:

Հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում լսումներ էին անցկացվել ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով։ Լսումներից մի քանի օր անց՝ հունիսի 27-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում հայտարարել էր, որ առաջիկայում այս հարցով հանրաքվե կանցկացվի․ «Մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»:

Մեկնաբանել