«Խաղաղության պայմանագիրը կարելի է ավարտել մի քանի ամսում, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը»

Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մի քանի ամսվա ընթացքում, կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը, առնվազն հիմնարար իրավունքների շրջանակում, կարելի է ավարտել մի քանի ամսում։ Նախկինում միջնորդների պլանն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվել են Մադրիդյան սկզբունքներ։ Կարևոր է հասկանալ, որ այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության հասնել 28 տարվա ընթացքում, դժվար է լուծել մեկ-երկու տարում»,- հուլիսի 1-ին Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Ալիևը, սակայն, խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին որպես հիմնական նախապայման առաջ է քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը․ «Դրանում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան, ուստի խաղաղության պայամանագիր չի ստորագարվի այնքան ժամանակ, քանի դեռ [սահմանադրական փոփոխություններ] տեղի չունենան»։

Ալիևը հանդիպմանը շոշափել է նաև «վերադարձի հարցը»՝ նշելով, որ այդ պարագայում պետք է անդրադարձ լինի նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքին»

«Վերադարձի իրավունքը պետք է իրականացվի երկուստեք սկզբունքով, այդ թվում ընդգրկելով Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին»,- նշել է Ալիևը և հայկական կողմին մեղադրել «1988-ին Հայաստանում բնակվող ադրբեջանցիների էթնիկ զտում իրականացնելու համար»։

Մեկնաբանել