Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է․ ԱԳՆ-ից նոր ժամկետներ են նշում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը 2024-ի մարտի 15-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել էր, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում։

«Ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը պետք է, ամենայն հավանականությամբ, ընդունվի մինչև հուլիս ամիսը»,- ասել էր Հովհաննիսյանը։

Ինչի՞ մասին է նոր փաստաթուղթը, ե՞րբ է ընդունվելու

Ըստ փոխնախարար Հովհաննիսյանի՝ փաստաթուղթն արձանագրում է վերջին շրջանում Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ընթացքն ու առկա առաջընթացը, ինչպես նաև նշում համագործակցության գլխավոր առաջնահերթությունները։

Դեռևս այս տարվա մարտին Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում Հայաստանը կունենա գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։

«Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում»,- ասել էր ԱԳ փոխնախարարը։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, սակայն, ԱԳՆ-ից հայտնեցին, որ փաստաթուղթը դեռ չի ստորագրվել։

Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը հայկական կողմին փոխանցվել է ոչ թե մայիսին, ինչպես ակնկալվում էր, այլ հունիսին։

«Փաստաթղթի նախագծի համաձայնեցման շուրջ այժմ ընթանում են ակտիվ քննարկումներ, որոնց հաջող ավարտից հետո նախատեսվում է փաստաթուղթն ընդունել 2025-ին»,- նշված էր ԱԳՆ-ի պատասխանում։

Այսպիսով, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր նախագիծը, որն ակնկալվում էր ընդունել մինչև 2024-ի հուլիսը, ձգձգվում է։ Նախատեսվում է նախագիծն ընդունել 2025-ին։

Մեկնաբանել