ԱՄՆ-ը կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ․ Պետդեպ

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։ Այդ մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։

«Չեմ կասկածում, որ աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներին և ներգրավվածությանը՝ ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել»,- ասել է Պատելը։

Հունիսի 28-ին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը։ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է մասնակցությունը։

Մեկնաբանել