Պայմանագրային զինծառայող է մահացել

Գիշերը դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

«2024-ի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը»,- հայտնում են կոմիտեից։

Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված ինքնաձիգը։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանել