Հանուն անվտանգության պաշտպանել ժողովրդավարությունը, ոչ թե ժողովրդավարներին

Նարեկ Սուքիասյան

Ժողովրդավարությունները ավելի զգուշավոր են ընտրում այն պատերազմները, որտեղ կռվում են, և հազվադեպ են մտնում պատերազմների մեջ, որտեղ հաղթելու հավանականությունը ցածր է։ Ժողովրդավարությունները ավելի հաճախ են հաղթում պատերազմներում ու կրում ավելի քիչ կորուստներ։ Ավելի պակաս են հակված ճգնաժամեր ստեղծելու, հազվադեպ են սկսում կանխարգելիչ պատերազմներ և ավելի լավ են պահում իրենց հանձնառությունները։

Հայաստանն արդյոք ժողովրդավա՞ր է, դա պաշտպանո՞ւմ է Հայաստանին

Ցավոք, ժողովրդավարության և անվտանգության այդ կապի մասին նույնը չի կարելի ասել զարգացող և անցումային շրջանում գտնվող ժողովրդավարությունների դեպքում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց նման տիպի պետություններն են, որ ամենահակվածն են կոնֆլիկտների՝ ավելի, քան կայացած ժողովրդավարությունները և ավելի, քան անգամ ավտորրիտար ռեժիմները։ Ըստ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցի՝ Հայաստանը մասամբ ազատ պետություն է, ըստ նույն կազմակերպության «Անցումային շրջանի երկրներ» զեկույցի՝ հիբրիդային կամ անցումային երկիր է։ Այսինքն՝ Հայաստանը հենց այս՝ կոնֆլիկտների տեսանկյունից ամենախոցելի դասակարգման մեջ է։ Ոչ այն պատճառով, որ ժողովրդավարություններին պատժում են, կամ որ դրանք թույլ են, այլ հենց կիսատ ժողովրդավարական բարեփոխումենրի պատճառով՝ անարդար ընտրական սահմանափակումներ ու պայմաններ, չկայացած քաղաքական կուսակցություններ, կոռումպացված բյուրոկրատիաներ, մասնակի մեդիա մենաշնորհներ, զսպումների մեխանիզմների և հաշվետվողականության բացակայություն և այլն։ Հաշվետու ժողովրդավարության մեջ արկածախնդիր պատերազմի մեջ ներքաշվող քաղաքական ուժը շատ արագ կպատժվի։

Դեռևս չկայացած ժողովրդավարություններում հատկապես խնդրային է ներքին ֆրագմենտացիան, որի արդյունքում հակասական մեսիջներ են ուղղվում դաշնակիցներին ու հակառակորդներին և կասկածներ հարուցում վերցված հանձնառությունները պահելու հարցում կամ հրաժարվում գործող բանակցային ֆորմատներից։ Այլ կերպ ասած՝ սկսում գործերը նոր կետից։ Այս պարագայում փորձի ու գիտելիքի բացակայության, ինչպես նաև քաղաքական ուժի ներքին համակարգման չկայացած մեխանիզմների պատճառով իշխանության մի մասը կարող է արտահայտել հակվածություն կոմպրոմիսի, մյուսը՝ սադրի իրավիճակը։ Սրանք անկայունություն սերմանող պայմաններ են։

Թերևս առավել վտանգավոր ու Հայաստանին ավելի վերաբերելի է անցումային շրջանում նոր իշխանության կողմից, սեփական խոցելիության զգացումից դրդված, ընդդիմությունից ավելի հայրենասեր, եթե ոչ՝ ազգայնական երևալու մղումը։ Հեղափոխությունից հետո ոչ բավարար հայրենասեր լինելու մեղադրանքներին հակադարձելու համար իշխանությունը ոչ թե գնաց բանակցությունների հարցում հանրային հաշվետվողականության բարձրացման ճանապարհով (ինչն իմիջիայլոց խոստացվել էր հենց հեղափոխական բարձրախոսով), այլ որդեգրեց ավելի առավելապաշտ հանրային դիրք՝ համարելով «Աղդամը՝ հայրենիք», Արցախն էլ՝ «Հայաստան և վերջ»։ Նման զարգացումները անխուսափելիորեն բերում են էսկալացիայի, երբ հակառակորդը անհամբեր սպասում է նման «նվերների» իր ագրեսիան արդարացնելու համար։

Ժողովրդավարացման փուլում կոնֆլիկտների ամենահակվածն են այն պետությունները, որտեղ քաղաքական մասնակցությունը աճում է, սակայն համապատասխան ինստիտուտներ չկան, որոնք կուղղորդեն այդ մասնակցությունը։ Ըստ Variaties of Democracy զեկույցների՝ հեղափոխությունից հետո գրանցված առաջընթացից հետո հենց մասնակցային ժողովրդավարության ինդեքսն է, որ այսօր ավելի ցածր է, քան մյուս ցուցիչները։ Թեև իշխանությունը թմբկահարում է, որ Հայաստանը դարձել է ընտրական ժողովրդավարություն, ինչն իրոք գովելի է՝ այս հարցում ևս 2019-ից սկսած ամեն տարի Variaties of Democracy զեկույցը անկում է գրանցել։ Տագնապալի է նաև այս հեղինակավար հետազոտական կենտրոնի՝ Հայաստանին վերաբերող հրապարակումներից մեկի վերնագիրը՝ «Բևեռացում Հայաստանում․ ավտոկրատացման նշաններ»։

Այսպիսով, Հայաստանի պես անցումային վարչակարգերը ամենախոցելին են անվտանգային առումով։ Ավելի ապահով են ավտորիտարները, ինչը մենք բնականաբար չպիտի ուզենք, իսկ ավելի անվտանգ են կայացած ժողովրդավարությունները, ինչին հասնելու համար քաղաքական կամք ու մեծ աշխատանք է անհրաժեշտ։

Եթե հակառակորդները թշնամի են, ապա նրանց դեմ ամեն ինչ կարելի՞ է

Բևեռացման հարցը բերում է մեկ այլ խնդրի՝ ներքին քաղաքական պայքարի և քննադատների անվտանգայնացմանը (securitization)։ Անվտանգայնացումն այն է, երբ ինչ-որ երևույթ հայտարարում ես գոյութենական սպառնալիք, մեր դեպքում` քաղաքական ընդդիմությանը և քննդատող շատ ձայների, ինչի արդյունքում դրանց դեմ պայքարի շատ անընդունելի և ոչ լիբերալ մեթոդներ դառնում են ընդունելի, ներելի ու հանդուրժելի, որովհետև խոսքը «ներքին թշնամու» մասին է՝ «5-րդ շարասյուն», «նախկիններ», «ներքին դիվերսիա», «գործակալական ցանց»։ Այս տրամաբանությունն արդեն տարիներ շարունակ առկա է հայկական քաղաքականության մեջ։ Թշնամությունը պատերազմացնում է ներքին քաղաքականությունը, իսկ պատերազմի մեջ, ինչպես գիտենք, թույլատրելի են շատ բաներ, որոնք դատապարտելի են պատերազմից դուրս։

Սա թե՛ արդյունք է, թե՛ պատճառ հասարակական ու քաղաքական բևեռացման, ինչի մեջ այսօր է՛ Հայաստանը։ Բևեռացումը և քաղաքականության անվտանգայնացումը հղի են ժողովրդավարական և հատկապես լիբերալ ժողովրդավարության անկման ռիսկով։ Որովհետև անգամ նվիրյալ ժողովրդավարները, ինչպիսիք շատ են մեր քաղաքացիական հասարակության մեջ, ակամա կարող են սկսել հանդուրժել բազում ազատությունների և իրավունքների ոտնահարում, քանի դա արվում է ավելի մեծ չարիքի դեմ։ Ու թեև սրան զուգահեռ կարելի է կազմակերպել որակյալ ընտրություններ (թեև Երևանի ընտրություններից հետո բազում հարցեր են առաջացել նաև այս հարցում), սակայն այդ համակարգը այլևս կդառնա ոչ լիբերալ ժողովրդավարություն, ինչպիսին օրինակ Հունգարիայում է, որն անգամ իր վատ համբավով դեռ շատ առաջ է Հայաստանից ժողովրդավարության միջազգային վարկանիշներում։

Carnegie կենտրոնի հետազոտությունները ցույց են տալիս, որ բեևեռացման մեջ գտնվող հետազոտված պետությունների ուղիղ կեսը գրանցել է ժողովրդավարության հետընթաց, որոնց ճնշող մասը ժողովրդավարությունից անցել է ավտորիտար վարչակարգի, ոչ թե պարզապես ավելի թույլ ժողովրդավարության։ Բևեռացումը նաև քաղաքացիական մասնակցության անկման հիմնական պատճառներից է։ Երկրորդ տարին անընդմեջ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների մոտ 65%-ը չի վստահում քաղաքան որևէ ուժի կամ չի ուզում մասնակցել քաղաքական կարևոր գործընթացների։ Երևանյան ընտրություններում աննախադեպ ցածր մասնակցությունը դրա վկայությունն է։ Համատարած հուսալքության նման պայմաններում բևեռները հայտնվում են հարմարավետ թողտվության պայմաններում, երբ քաղաքացիների մեծ մասը պարզապես շահագրգռված չէ էլիտաներին հաշվետու պահել։ Իսկ որևէ իշխանություն առանց վերահսկման ու զսպման կուռումպացվում է։

Պաշտպանելով ժողովրդավարությունը, ոչ թե ժողովրդավարներին

Բևեռացումը և քաղաքականության անվտանգայնացումը, այսինքն հակադիր ձայներին թշնամի ներկայացնելն ու դրանց թշնամու պես վերաբերվելը, բերում են զրոյական արդյունքով պայքարի։ Մրցակցի ցանկացած հաջողություն ընկալվում է սեփական պարտություն և պետք է կանխվի ամեն գնով։ Սրա պատճառով ժողովրդավարական և հատկապես ազատական արժեքների հանդեպ հարգանքը անկում է ապրում, քանի որ թշնամիների դեմ ընդունելի են դառնում մրցակցության անգամ ոչ ժողովրդավարական մեթոդները։ Սա գլոբալ անհանգստացնող միտում է, երբ այն խմբի հաղթանակը, որի հետ մենք մեզ ասոցացնում ենք, դառնում է ավելի կարևոր, քան ժողովրդավարությունը։ Ավելին, նկատվում է ևս մի միտում, որտեղ առաջնային շահ դառնում է անգամ ոչ այնքան սեփական թիմի հաղթանակը, որքան հակառակ ճամբարի պարտությունը՝ ամեն գնով։ Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես բացասական ասոցիացիա, ինչը բազմաթիվ ժողովրդավարություններում դարձել է պատուհաս և ժողովրդավարության հանդեպ հիասթափության մեծ պատճառ։ Եթե անգամ գիտակցվում է, որ այլընտրանքը նույնպես վնասակար է, ընտրողները և/կամ քաղհասարակությունը գերադասում է «չարյաց փոքրագույնին», որը երկարաժամկետ կտրվածքում ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական արժեքների և սկզբունքների քայքայում, որովհետև մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցում անգամ չարյաց փոքրագույններն անընդունելի են։

Անգամ լավագույն մղումներից ելնելով ժողովրդավարներին պաշտպանելն իրականում պաշտպանում է նրանց պաշտոնները և ոչ թե ժողովրդավարությունը։ Եթե կա ժողովրդավարներին աջակցելու ցանկություն, ապա դրա լավագույն ձևը նրանց հաշվետու պահելն է՝ սկզբունքների ու արժեքների համաձայն։ Անձերի վերադասումը սկզբունքներին բացում է չզսպված ու ոչ ազատական (լավագույն դեպքում) ժողովրդավարության պանդորայի արկղը, որտեղ մի օր հանդուրժելի է ընդդիմադիր ցուցարարի հանդեպ բռնությունը, մեկ այլ օր հենց իշխանության ոտնձգությունները հանդուրժողների ու պաշտպանողների հանդեպ սահմանափակումները։ Կարող է և այդպես չլինել, բայց նման վտանգի առկայության գիտական ապացույցները լիուլի են, իսկ պանդորայի արկղերը ավելի լավ է չբացել ու ոչ էլ իմանալ, թե ինչ կլիներ հետո։

Աղբյուրներ

Mansfield, Edward D., and Jack Snyder. “Democratic Transitions, Institutional Strength, and War.” International Organization, vol. 56, no. 2, 2002, pp. 297–337. JSTOR.

Hegre, Håvard. “Democracy and Armed Conflict.” Journal of Peace Research, vol. 51, no. 2, 2014, pp. 159–72. JSTOR.

Freedom House. “Armenia.” Freedom House.

Freedom House. “Armenia. Nations in Transit,” Freedom House.

Polarization and Autocratization.

Glass, Jeremy. “Polarization in Armenia: Signs of Autocratization․” V-Dem.

McCoy, Jennifer and Press, Benjamin. “What Happens When Democracies Become Perniciously Polarized?” Carnegie Europe.

International Republican Institute. “Public Opinion Survey: Residents of Armenia | December 2023 | International Republican Institute.” International Republican Institute, 7 Mar. 2024.

International Republican Institute. “Public Opinion Survey: Residents of Armenia | January-March 2023 | International Republican Institute.” International Republican Institute, 9 May 2023.

***

Նարեկ Սուքիասյանը Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է, քաղաքական գիտությունների թեկնածու։

Մեկնաբանել