Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն դադարեցնում է 95 մլն դոլարի օգնությունը Վրաստանին

ԱՄՆ-ն դադարեցնում է 95 մլն դոլարի օգնությունը Վրաստանին

OC Media

ԱՄՆ-ն կասեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը՝ մատնացույց անելով վրացի պաշտոնյաների «հակաժողովրդավարական գործողությունները» և «կեղծ հայտարարությունները» Արևմուտքի և Վաշինգտոնի մասին։

Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է հրապարակել, որում Վրաստանի կառավարության վերջին գործողություններն ու հայտարարությունները որակում է որպես «անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին»։

Հայտարարությունը հրապարակվել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ:

Օգոստոսի 1-ից այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ստանում են իրենց եկամուտների ավելի քան 20%-ը, պարտավոր են 30 օրվա ընթացքում դիմել Արդարադատության տուն և պահանջել, որ իրենց գրանցեն օտարերկրյա գործակալների տվյալների բազայում։ Այն կազմակերպությունները, որոնք կհրաժարվեն կատարել օրենքի պահանջները, կենթարկվեն խոշոր տուգանքների և հարկադիր կերպով կգրանցվեն կառավարության կողմից։

«Մայիսի 23-ին՝ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո, ես հայտարարեցի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին,- գրել է Բլինքենը,- Այդ վերանայման արդյունքում Միացյալ Նահանգները դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն ձեռնտու է Վրաստանի կառավարությանը»:

«Մեր երկու երկրների և մեր քաղաքացիների միջև 32 տարվա բարեկամության և գործընկերության ընթացքում Միացյալ Նահանգների ժողովուրդը տրամադրել է ավելի քան 6,2 միլիարդ դոլարի օգնություն՝ նպաստելով Վրաստանի տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը»,- նշել է Բլինքենը։

Հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ժողովրդավարության, օրենքի գերակայության, անկախ մամուլի և տնտեսական զարգացումն ամրապնդող ծրագրերին ու գործունեությանը և կմնա «հավատարիմ վրաց ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»։

Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ «ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման» շրջանակում «անորոշ ժամանակով» հետաձգում է Noble Partner ամենամյա զորավարժությունը։

Նախարարությունը վկայակոչել էր Վրաստանի կառավարության «կեղծ մեղադրանքները Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների դեմ», ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրանց դաշնակիցների հայտարարություններն այն մասին, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա, որպեսզի վերջինս երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի վրա ճնշումը մեղմելու համար, և որ ԱՄՆ-ն մասնակցել է իշխող կուսակցության դեմ հեղաշրջման երկու փորձերին։

Հուլիսի 8-ին ԵՄ-ն կասեցրել է Վրաստանին հատկացվելիք 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը՝ ի պատասխան Վրաստանի կառավարության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը և մարդու իրավունքների ոտնահարումներին։

«Աղետալի հետևանքներ»

Վրացի պաշտոնյաները շտապել են հերքել Բլինքենի քննադատությունը։ Առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վրաստանը «միանշանակ» չի շեղվել իր եվրատլանտյան հետագծից և հավելել է, որ տեղյակ չէ, թե ֆինանսավորման որ տրանշին է վերաբերում 95 մլն դոլարը։

«Ես չեմ կարող ձեզ կոնկրետ որևէ բան ասել այս օգնության մասին։ Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը,- ասել է Դավիթաշվիլին,- Մեզ համար Արևմուտքի հետ մերձեցումն ու գործընկերությունը մնում է նույնքան արդիական, որքան այն միշտ եղել է։ Ուստի, իհարկե, մենք մեծ նշանակություն ենք տալիս [դրան], այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությանը»։

Իշխող կուսակցության պատգամավոր Բեկա Դավիթուլիանին ասել է, թե ԱՄՆ այդ քայլն ուղղված է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ անկարգություններ խթանելուն։

«Վրացական պետությանն օգնելու համար նախատեսված 95 միլիոն դոլարն այժմ սառեցված է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև ընտրությունները շատ բաներ տեղի կունենան,- ասել է Դավիթուլիանին,- Ընտրություններից առաջ լարվածության զգացում կստեղծվի»։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները շտապել են հայտարարել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է կրում «աղետալի քայլերի» պատասխանատվությունը, ինչպես ձևակերպել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիա Ջափարիձեն։ Ընդդիմությունը նաև զգուշացրել է հետագա այսպիսի հետևանքների մասին։

Ընդդիմադիր «Եվրոլավատեսներ» խորհրդարանական խմբի նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ երկրների և կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության, Գերմանիայի, Դանիայի և ԱՄՆ-ի կողմից օգնության դադարեցումը «արդեն դոմինոյի էֆեկտ է ստանում»։

«Ժողովրդավարական ողջ աշխարհը ֆինանսական տեսանկյունից կդադարեցնի Վրաստանի հետ հարաբերությունները,- զգուշացրել է Գոցիրիձեն,- Դա կունենա աղետալի հետևանքներ, կշարունակվի երկրի մեկուսացումը միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ինչպես դա տեղի է ունենում Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի, ինչպես նաև ֆինանսական այլ կառույցների դեպքում, որոնց վրա այսօր հենվում են ողջ պետությունն ու բոլոր ենթակառուցվածքային նախագծերը»։

«Սա կհանգեցնի գործազրկության, երկրի դատարկման, գների բարձրացման և տնտեսության փլուզման»,- հավելել է նա։

Այն պահից ի վեր, երբ Վրաստանի կառավարությունն ամիսներ տևած բուռն բողոքներից և քննադատությունից հետո մայիսի 28-ին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, կառավարության պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են պնդում, որ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» ձգտում է ապակայունացնել Վրաստանը և այն ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ:

Պաշտոնյաները պնդում են, թե գաղտնի կազմակերպությունը վերահսկում է Արևմուտքը և պատերազմ է հրահրում ամբողջ աշխարհում, և կարծես ենթադրյալ այս խմբի հետ են կապում ԱՄՆ գործողությունները:

Թեև ո՛չ իշխող «Վրացական երազանք»-ը, ո՛չ էլ նրանց հարող խմբերը չեն հայտարարել, թե որ երկրներն են ներառված Գլոբալ պատերազմի կուսակցությունում, նրանք երկուսն էլ հայտարարել են, որ նկատի չունեն ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրոպան, բայց նաև պնդում են, որ այն երկուսի վրա էլ մեծ ազդեցություն ունի:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում