Մոսկվան հանդես է գալիս ոչ թե մեկ կոնկրետ երթուղու, այլ ամբողջական ապաշրջափակման օգտին․ դեսպան

«Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մեկ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»։ Այդ մասին Союзники. ОДКБ կայքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հենց դրանով էր զբաղվում 2021-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Հաջողվել է զգալի արդյունքների հասնել, 2023-ի հունիսին խմբի 12-րդ նիստում համաձայնեցվել է ընդհանուր ըմբռնումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Մենք գործնականում հասել ենք համապարփակ, հավասարակշռված պայմանավորվածության։ Ցավոք, գործընթացը, ոչ մեր մեղքով, կանգ առավ։ «Հավաքական Արևմուտքի» ճնշման ներքո Երևանը որոշում է կայացրել սառեցնել եռակողմ փոխգործակցությունն այս ուղղությամբ»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի դերից։ Դրա ապացույցը, ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահի վերջին շփումներն են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը․ «Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում Մոսկվան հաջողությամբ հարթակ է տրամադրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների համար։ Կրկին ընդգծեմ ՝ պատրաստ ենք դա անել նաև ապագայում։ Երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը՝ նրանց համար նախընտրելի երկկողմ ձևաչափով»։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր մերձավոր հարևանների, գործընկերների և դաշնակիցների տարածքում բարեկեցությամբ և խաղաղությամբ։ Բացի այդ, դրական արդյունքի հասնելու համար Ռուսաստանն ունի անհրաժեշտ փորձ, նյութեր, այդ թվում՝ քարտեզագրական, և համապատասխան հեղինակություն տարածաշրջանում։ Ավելին, ի տարբերություն «հավաքական Արևմուտքի», մենք Հարավային Կովկասը չենք դիտարկում որպես «դիմակայության գոտի» որևէ մեկի հետ»,- նշել է Կոպիրկինը։
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրները՝ 3+3 ձևաչափի շրջանակում։
«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022-ի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ գծով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման առաջարկին։ Խոսքը վերաբերում էր լուրջ նախաձեռնություններին, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիթորինգային առաքելության ուղղորդում, սահմանապահ զորքերի ուսուցման աջակցություն։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով»,- ասել է նա։
Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, Կոպիրկինի խոսքով՝ զարգանում են առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում, սակայն նվազել են միջգերատեսչական շփումները արտգործնախարարությունների և պաշտպանական գերատեսչությունների գծով։
««Հավաքական Արևմուտքն» անթաքույց ճնշմամբ փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ, ամեն կերպ սահմանափակել դրանք։ Չնայած դրան, մենք առաջվա պես ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը համապատասխանում է երկու երկրների իրական շահերին»,- հայտարարել է դեսպանը։
https://civilnet.am/news/793982/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%a1%d5%a2%d5%b8%d5%bf%d5%a1%d5%aa%d5%ab-%d5%a7-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%b8%d5%be-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be/ https://civilnet.am/news/795775/%d5%a1%d5%a3-%d6%83%d5%b8%d5%ad%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8/
Civilnet










