«Իրականության խեղաթյուրում»․ Փաշինյանը՝ ՀՀ-ով հաղորդակցության անվտանգությունը երրորդ երկրների կողմից ապահովելու մասին

Իրականության խեղաթյուրումներ են պնդումները, թե Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրները։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։
«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանն ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքով հաղորդակցության անվտանգությունը, դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ երաշխավորում են ՀՀ տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իրականության խեղաթյուրում է նաև պնդումը, թե հաղորդակցության համար Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների։
***
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահները։ Հայտարարության 9-րդ կետում, մասնավորապես, նշված է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Civilnet










